Բաժիններ՝

«Երբ արվեստագետը զգում է՝ իր կյանքում ոչինչ չի փոխվում, այդ խնդիրը լուծում է ճամպրուկները հավաքելով». Վահան Արծրունի

Հունիսի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա երգիչ-կոմպոզիտոր Վահան Արծրունու vahanartsruni.com պաշտոնական կայքի շնորհանդես-համերգը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց երգչի հետ:

– Հունիսի 19-ին տեղի է ունենալու Ձեր կայքի շնորհանդես-համերգը: Ի՞նչ համերգ է լինելու:

– Պաշտոնական կայքը յուրաքանչյուր երաժշտի համար շատ կարևոր տեղեկատվական հանգույց է, որտեղից և լրագրողը, երաժշտասերը կարող են ստույգ տեղեկություն քաղել: Ժամանակին ունեի կայք, որը 2004-ից այլևս չէր գործում: Որոշեցի լրջորեն զբաղվել այդ խնդրով ու ստեղծել կայք, որն արտահայտում է իմ 30 տարվա ստեղծագործական արդյունքը՝ թե՛ ժանրերի առումով, թե՛ լուսանկարների, և թե՛ տեղեկության, կայքում կան իմ մասին ինձ համար թանկ ու կարևոր մարդկանց կարծիքներ: Եվ, քանի որ շատ եմ կարևորում այդ իրադարձությունը, որոշեցի ուրախությանս հաղորդակից դարձնել այն մարդկանց, ովքեր ինձ հետ պետք է ուրախանան այդ իրադարձությամբ, ու համերգը միջոց է միասին նշելու պաշտոնական կայքի բացումը:

– Դուք բավական ակտիվ եք Facebook սոցանցում: Կարելի՞ է ասել, որ այդ ակտիվությունը տեղափոխում եք Ձեր պաշտոնական կայք:

– Ես ընդհանրապես չեմ տարանջատում համացանցային տիրույթները՝ թե Facebook-ը, թե ԶԼՄ-ները, թե կայքը՝ որպես համացանցային սեգմենտ, հավասարազոր են իրար: Այս ամենը սկսում է ճիշտ աշխատել, երբ ունի բովանդակություն, երբ նորոգվում է ճիշտ ժամանակին և միտված է առավել ամբողջական ներկայացնելու արվեստագետին: Այդ առումով ես մի բաց ունեի, որը հունիսի 19-ի համերգով փակում եմ:

– Դուք այն երգիչներից եք, ով հաճախ է համերգով հանդես գալիս: Երգիչների մի մասի մոտ վերջին շրջանում նկատվող պասիվությունն ինչո՞վ կբացատրեք:

– Յուրաքանչյուր գործող երաժշտի համար կարևորագույն խնդիր է երգացանկը: Երկու բաժին ունեցող համերգի համար 20-30 ստեղծագործություն ներկայացնելը պահանջում է ժամանակ և հսկայական ստեղծագործական լիցք: Երբ գալիս է երկրորդ ծրագիրը ներկայացնելու պահը, այդտեղ սկսվում է երգչի ճգնաժամը, քանի որ նոր երգացանկ կազմելու համար նույնքան ժամանակ, եռանդ ու ֆինանսական ներդրումներ է պահանջում: Եթե յուրաքանչյուր ազատ ստեղծագործողի կենսագրությունը դիտարկենք, կտեսնենք, որ այն ալիքաձև է: Ես շատ լավ էի գիտակցում, որ մի օր կանգնելու եմ նման խնդրի առաջ, ու որոշեցի ինձ համար հետաքրքիր տարբեր ժանրերում ստեղծագործել՝ կա մի շրջան, երբ ներկայացնում էի կամերային ստեղծագործությունները, հետո, երբ զգում եմ՝ եկել է փոխելու ժամանակը, ներկայացնում եմ պրոգրեսիվ երաժշտություն, դրանից անցում եմ կատարում ակուստիկ ռոքի, ինչը թույլ է տալիս ակտիվությունս չնվազեցնել ողջ տարվա ընթացքում: Այս տարի որոշել եմ հանդես գալ միայն մեծ հարթակներում ու օգոստոսից մինչև դեկտեմբեր համերգային սեզոն եմ սկսելու, այսինքն՝ կայքը փուլերից մեկն է, իսկ գագաթնակետը լինելու է դեկտեմբերի 20-25-ը:

Vahan Arcruni (7)

– Երաժիշտների մի մասը դժգոհում է մեծ բեմահարթակներ վարձելու դժվարությունից: Արդյո՞ք դա այսօր մեծ խնդիր է ստեղծագործողի համար:

– Դա ծանրագույն խնդիր է, որովհետև անհամաչափ է այն ֆինանսական ներդրումը, որ պետք է անես համերգի վրա: Դա հավասարազոր չէ այն եկամտին, որ առաջանում է համերգի տոմսերի վաճառքից, որովհետև դահլիճը վարձակալելը, ձայնի ու լույսի տեխնիկական սպասարկումը շատ թանկ հաճույք է, իսկ տոմսի գինն աճեցնելու տրամաբանական սահման կա, որը չպետք է անցնես՝ սեփական հանդիսատեսիդ չկորցնելու համար: Դա խիստ սահմանափակում է յուրաքանչյուր արվեստագետի հնարավորությունը՝ ներկայանալ մեծ դահլիճներում, որովհետև եկամուտը, որ առաջանում է հանդիսատեսի օգնությամբ, նույնիսկ ծախսերի կեսը չի ծածկում:

– Մեզանում կարծես ասելիքի բացակայություն է նկատվում արվեստագետների, երաժիշտների մոտ:

Vahan Arcruni– Արվեստի, փիլիսոփայության ոլորտում կա «ֆորմայի» ու բովանդակության խնդիր: Երաժշտության մեջ դա ցայտուն է երևում: Մարդիկ, որ զբաղվում են «ֆորմայով», հաճախ պատկերացում չունեն՝ ինչ բովանդակությամբ լցնել այդ «ֆորման»: Խոսքը հանրամատչելի, փոփ երաժշտության մասին է: Ես երաժիշտներին դասակարգում եմ ըստ այդ բաժանման՝ երաժիշտ, որ ստեղծում է բովանդակային արվեստ, ու երաժիշտ, որ Աստծո շնորհն օգտագործում է ապրելու համար՝ հասցնում է արհեստի մակարդակին: Երբ նման մոտեցում ես դրսևորում, շատ հեշտ է լինում հասկանալ՝ արվեստագետն արվեստի՞, թե՞ արհեստի դաշտից է:

– Երաժիշտների մի մասը պատճառաբանում է, թե հասարակությունն է պահանջում իրենից նման երաժշտություն:

– Արվեստում չկա առաջարկ-պահանջարկ դրույթ: Դա տնտեսական հարաբերություններին է բնորոշ: Արվեստի մեջ կա մի գործոն՝ ձգտում՝ դեպի արվեստ, այսինքն՝ մնացած ամեն ինչն այլ ոլորտներից ներմուծված հասկացություն է: Արվեստին ավելի շատ բնորոշ է իդեալին ծառայելու, իդեալին մոտ լինելու հատկությունն ու այն համախոհների քանակը, որ դավանում է նույն արժեհամակարգին:

– Քաղաքականությունը ու մշակույթը, ըստ Ձեզ, իրար կապվա՞ծ են: Օրինակ, «Եվրատեսիլը» քաղաքական գաղափարախոսության մաս չէ՞ր:

– Չի կարող կապված չլինել: Եթե հետևենք մեր մշակութային միջոցառումներին, կտեսնենք նույն «Հովեր» երգչախումը, Հայաստանի երիտասարդական նվագախումբը, Վահագն Հարապետյանին, հիմա նրանց գումարվում են Տիգրան Համասյանն ու Սերգեյ Խաչատրյանը, այսինքն՝ պետական մշակութային պատկերացումներին մոտ կանգնած երաժիշտներ, որ ներկայացնում են պետական քաղաքական բանաձևը: Պարզ է՝ նրանք էլ կգնան դրսի միջոցառումներին մասնակցելու: Միակ պետական օղակը, որ պարտավոր է պետական քաղաքականություն դրևորել մշակույթի ոլորտում, Մշակույթի նախարարությունն է ու իր պատկերացումների չափի մեջ էլ դա անում է:

Anush-Vahan Arcruni (2)

Բնակաբանար, «Եվրատեսիլն» էլ քաղաքական նախագիծ էր: «Եվրատեսիլն» արվեստի դաշտ չի ներկայացնում: Այն այսօր հանդուրժողականության երաժշտական համակարգի դրսևորում է: Այն մաքուր քաղաքականություն է, ու մերոնք էլ քաղաքական լուծում էին տվել: Նույն բանին ականատես ենք լինում Կաննի «Միդեմ» փառատոնում հայկական օրերի կազմակերպման հարթությունում: Արվեստն ունիվերսալ տիրույթ է, այդտեղ հաջողության աստիճանը հաշվարկելը շատ դժվար է: Արվեստի իրական ընթացքն ապահովում են ներքին ստեղծագործական ռեսուրսը ներկայացնող արվեստագետները տարբեր ոլորտներում: Այս տարիներին չհղկվեց որևէ բանաձև, որը կաշխատեցներ այդ ներքին ռեսուրսն ու այն սիրելի կդարձներ հանրությանն ու կապահովեր իրական սերնդափոխությունն արվեստի դաշտում:

– Արտագաղթը չի՞ սպառում Ձեր նշած ներքին ռեսուրսը:

– Միանշանակ, արվեստագետի ստեղծագործելու ժամանակն անսպառ չէ: Նա ունի ստեղծագործելու շատ հստակ սահմանափակ ռեսուրս ու հստակ գիտակցում է՝ երբ է մոտենում ճգնաժամը: Ու երբ նրանք զգում են, որ տասնամյակներով իրենց կյանքում ոչինչ չի փոխվում, այդ խնդիրը լուծում են ճամպրուկներ հավաքելով, ու բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մարդիկ երկիրը փոխելով՝ ստեղագործական մեծ հաջողությունների են հանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս