Առաջին գծի զինծառայողների կենսաթոշակը կհաշվարկվի կրկնակի չափով
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով: Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»,- ասել է կառավարության ղեկավարը: