«Հանրապետությունից օրական մոտավորապես 300-500 տոննա պտուղ-բանջարեղեն ենք արտահանում». Սերգո Կարապետյան
Ընդհանուր առմամբ տարին բարենապաստ է գյուղատնտեսության համար: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Եթե հունվարի-փետրվար ամիսներին մենք որոշակի մտավախություն ունեինք ջրամբարների լցվածության վերաբերյալ, որովհետև այդ ամիսներին ձյան տեղումները պակաս էին, սակայն վերջին ամիսներին՝ հատկապես մարտի կեսերից և ապրլի-մայիս ամիսներին, ինտենսիվ անձրևների հետևանքով ջրամբաների լցվածությունը բավական լավացավ»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նա նշեց, որ այս տարվա հունվարի-ապրիլ ամիսներին գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժեր կան. «Անցյալ տարվա համեմատությամբ աճը տնտեսական գյուղատնտեսության ոլորտում կազմում է 4.8 տոկոս»:
Նա համոզմունք հայտնեց, որ մինչև տարվա վերջ դինամիկ աճ է գրանցվելու:
Սերգո Կարապետյանն ասաց, որ արդեն սկսվել են բերաքահավաքի աշխատանքները, սկսել են ավելանալ նաև արտահանումների ծավալը: «Արդեն այսօրվա վիճակով մենք արտահանել ենք մոտավորապես 2000 տոննա վարունգ՝ ջերմոցային տնտեսությունների աճեցրած, մոտավորապես 700 տոննա լոլիկ, 8860 տոննա կաղամբ, և շարունակվում է այդ գործընթացը, ինչպես նաև պտղի արտահանման ծավալներն են սկսկել ավելանալ:
Միայն կեռասի արտահանման ծավալն այսօր կազմում է 280 տոննա և ամեն օր ավելանում է: Մենք մեր հանրապետությունից օրական արտահանում ենք մոտավորապես 300-500 տոննա պտուղ-բանջարեղեն: Մի 10 օրից կսկսվի ծիրանի արտահանման գործընթացը, և ես համոզված եմ, որ այս տարի մեծածավալ արտահանումներ կիրացվի նաև ծիրանի առումով: Այսօր մենք շուկաներում ունենք տեղական արտադրության բանջարեղեն և միրգ»,- ասաց նա: