Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
«Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոք էր ներկայացրել, որի քննության արդյունքում դատախազը գտել է, որ Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
«Բողոքի քննության արդյունքում կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն՝ արդարացնող հիմքով»,- ասաց Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ դատախազի նույն որոշմամբ վերացվել է նաև Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: «Սրանով հաստատվեցին մեր այն բոլոր պնդումները, որ հետապնդումը բացահայտ անօրինական էր, անհիմն, այսինքն՝ ձերբակալման հիմք չկար, մեղադրանք առաջադրելու հիմք գոյություն չուներ: Այսինքն՝ այս որոշումով լիովին հաստատվեց մեր այն սկզբնական դիրքորոշումը, որը բազմիցս հրապարակային հայտնել ենք՝ նման դեպք չի եղել, Գոհար Ենոքյանը որևէ արարք չի կատարել, նա անմեղ էր»:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը 2015թ.մայիսի 4-ին ձերբակալվել էր սպանության նախապատրաստության կասկածանքով: Մայիսի 7-ին նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: