Իվիցա Դաչիչը Երևանում անուղղակիորեն մեղադրեց Ադրբեջանին և Ռուսաստանին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակում եղավ նաև Հայաստանում:

Երևանում սերբ պաշտոնյան իր երևանցի գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում բացահայտեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի նոր առաջարկը: Նա հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Նրա կարծիքով՝ սա ամենևին էլ նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկն ընդունելու համար կոնսենսուսով կայացված որոշման կարիք կա, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից:

«Միգուցե այս հարցն ուսումնասիրենք ապագայում, բայց կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ, սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

Իվիցա Դաչիչը նաև կասկածի տակ էր դրել Ռուսաստանի օբյեկտիվությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Մասնավորապես՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերին զենք վաճառելու ավանդույթին, նա ասել է, թե շատ կարևոր է, որ գործընթացի բոլոր մասնակիցները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Նրա խոսքով` երկրներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն և աջակցեն խաղաղ գործընթացին: Սերբ պաշտոնյան նաև առաջարկել էր ուսումնասիրել հնչեցված հարցը, դրա հիմնավորվածությունը, ուստի այդ գործը հանձնարարեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

«Զենք-զինամթերքի վաճառքի հարցը պետք է ուսումնասիրել ու պարզել, թե ուր է գնում զենքը»,- ասել է Իվիցա Դաչիչը՝ հավելելով, թե, օրինակ, Մերձավոր Արևելքում կրակող զենքը գալիս է տարբեր վայրերից: Բանախոսն իր խոսքում ակնարկեց, որ Սերբիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կաջակցի Հայաստանին:

Stepan Safaryan 01Մեզ հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետապնդած նպատակներից մեկը ՄԽ վերաձևափոխումն է: Ըստ նրա՝ անցյալ տարի դա փորձում էին անել ապակայունացման ճանապարհով և ԵԱՀԿ կամ միջազգային կառույցների շրջանակներում նոր ձևաչափ ձևավորելու փորձերով, ուստի պատահական չէ, որ Բաքվի և Անկարայի գնահատականները ՄԽ գործունեության վերաբերյալ բացարձակապես նույնական են: «Անցած տարի, եթե հիշում եք, ամռանը Թուրքիայի Միլի մեջլիսի խոսնակը բացահայտ հայտարարեց, որ ՄԽ-ի միայն անունը կա, ոչ մի գործ չի արվում, արված գործն էլ արդյունք չի տալիս:

Ադրբեջանի քննադատություններին կարելի է նույնիսկ չանդրադառնալ, դրանք բազմաթիվ անգամներ անցյալ տարիների ընթացքում ակնհայտ են եղել Իլհամ Ալիևի, Էլմար Մամեդյարովի ելույթներում հիասթափությունների տեսքով, և նույնիսկ կար մի շրջան, որ Բաքուն, հասկանալով, որ Թուրքիայի ներգրավվածությունը խնդրահարույց է և Թուրքիան քիչ հնարավորություններ ունի, փորձ արեց առաջին պլան մղել Գերմանիային, և դա անում էր` հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում կան քննարկումներ, թե ինչու Ֆրանսիային չփոխարինել ԵՄ մանդատով:

Ճիշտ է, Ֆրանսիան ներկայացնում է, ԵՄ-ն, բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ում կային դժգոհություններ, նույնիսկ առաջարկներ` ռոտացիոն սկզբունքով երկրների փոխատեղման վերաբերյալ: Ադրբեջանը փորձում էր պարզապես գոնե փոփոխության օրակարգը լեգիտիմ դարձնել, որից հետո արդեն Թուրքիայի ներգրավվածության մասին խոսելը տեխնիկական բնույթի հարց էր դառնում»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը: Իրականում, նրա գնահատմամբ, բացարձակապես աննպատակահարմար գործընթաց է դա, որովհետև խնդիրն ամենևին ՄԽ դաշտում չէ: Սաֆարյանի հիշեցմամբ՝ ի վերջո, ռազմավարություն է ընտրվել, որ ՄԽ-ն չպետք է կողմերին պարտադրի կարգավորում, ինչն արդարացի մոտեցում է` կայուն լուծում ունենալու տեսանկյունից:

«Պետք է փաստենք, որ հակամարտության համառության հարցում, թերևս, Ադրբեջանը բոլոր ռեկորդներն է սահմանել, և այստեղ խնդիրը բուն Ադրբեջանի և Ադրբեջանի իշխանության մեջ է, հետևաբար` սա պարզապես հակամարտության կարգավորման հարցում հնարամտություն է, և փորձ է արվում պարզապես ժամանակ ձգել, վերաֆորմատավորել` թաքցնելով հակամարտության չկարգավորման իրական պատճառը: Իսկ չկարգավորման թիվ մեկ խոչընդոտը տարիներ շարունակ Ադրբեջանն է, ով մերժում է բոլոր առաջարկները, հետևաբար` բացարձակապես կառուցողական առաջարկ չէ, և հայկական կողմը պետք է կտրուկ կասեցնի այդ առաջարկը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Անդրադառնալով Դաչիչի դիտարկումներին ՌԴ քաղաքականության վերաբերյալ ԼՂ հակամարտության գոտում՝ նա ասաց, որ դա շատ ավելի լուրջ խնդիր է, քանի որ վերջին տարիներին ՄԽ-ն առավելապես ջանքեր էր գործադրում ոչ այնքան` խնդրի խաղաղ կարգավորման, որքան` դրա նախադրյալները ստեղծելու վրա, և այդ առումով վստահության ամրապնդումը հակամարտության կողմերի միջև բանակցային մթնոլորտի համար չափազանց կարևոր էր: «2008թ. աշնանից ՌԴ նախագահի հովանու ներքո սկսված եռակողմ հանդիպումներում ՌԴ-ն նույնպես խնդիր դրեց դիպուկահարներին շփման գծից հեռացնելու մասին: Բայց դրան կրկին դեմ էր Ադրբեջանը:

Ավելին, որքան էլ ՌԴ հովանու ներքո հանդիպումների օրակարգի խնդիրներից մեկը վստահության ամրապնդումն էր, իրավացի են ՌԴ-ի հասցեին հնչող քննադատությունները, որովհետև մյուս կողմից էլ` ՌԴ-ն ավելի է լկտիացնում Ադրբեջանին զենքի վաճառքով, որն Ադրբեջանը մեկնաբանում է` որպես Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների թուլացում, հետևաբար` նաև Հայաստանի վրա հարձակվելու անուղղակի ազդանշան, և, բնականաբար, այս առումով միջազգային համայնքի մտահոգությունը համարժեք է, և ՌԴ-ն` որպես ՄԽ համանախագահող երկիր, պետք է վերջ տա Ադրբեջանին զինատեսակներ վաճառելու պրակտիկային»,- ասաց Ս. Սաֆարյանը:

PiontkovskiԻր հերթին` իր ընդդիմադիր հայացքներով հայտնի ռուսաստանցի վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին մեզ հետ զրույցում ողջունեց Դաչիչի դիտարկումները ՌԴ ապակառուցողական միջնորդական գործունեության վերաբերյալ: Ըստ նրա՝ երբ հակամարտող կողմերի միջև կանգնած է ՌԴ-ն` իր ներկայիս իշխանություններով, ապա չպետք է ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորում, ավելին, ակնկալել ՄԽ տապալում, քանի որ ՌԴ-ն կցանկանար տնօրինել հակամարտությունը միանձնյա տարբերակով: Ինչը ներկայումս, նրա գնահատմամբ, ձեռնտու է նաև Ադրբեջանին: Սակայն, Անդրեյ Պիոնտկովսկու համոզմամբ, հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանը չի գնա ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոյի փոփոխության, այսինքն՝ Ադրբեջանի ջանքերը ևս ի չիք են դառնալու այս փուլի համար:

Տեսանյութեր

Լրահոս