ՎՊ-ի բացահայտումներն ԱՆ-ում. Գնումներ մեկ անձից և անարդյունավետ աշխատանք
Անցած տարի Վերահսկիչ պալատը ստոգումներ է իրականացրել առողջապահության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի նկատմամբ ու հայտնաբերել տարաբնույթ խախտումներ:
Ըստ ՎՊ ընթացիկ հաշվետվության՝ «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրով ԱՆ կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերված Ինսուլինի ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են ավելի քան կրկնակի անգամ և հիվանդների թվի աճի համեմատ` առաջանցիկ տեմպերով: Այդ մասին են վկայում բժշկական հաստատությունների Ինսուլինով գերապահովվածության պայմաններում «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում շուրջ 20 հազար սրվակ Ինսուլինի մնացորդի առկայությունը:
Գրեթե նույն պատկերն է արձանագրվել նաև 2012-2014 թթ. շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղահաբերի մասով: 24.12.2014 թ. դրությամբ հանրապետությունում Դիա-զոն MR դեղի մնացորդը կազմել է 1մլն 672 հազար հատ, այն դեպքում, երբ բժշկական հաստատություններն արդեն իսկ ապահովված են եղել առաջիկա 3-ից 5 ամսվա դեղահաբերով:
ՎՊ-ն արձանագրել է, որ 2010-2014 թթ. ներմուծվող դեղորայքի ծավալների, շաքարային դիաբետով հիվանդների, նրանց հատկացվող դեղերի քանակների համադրման արդյունքները վկայում են, որ մի շարք դեպքերում ԱՆ կողմից պատշաճ ուշադրություն չի հատկացվել ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների իրական պահանջարկի ձևավորման և դրան համապատասխան Ինսուլինի և տարբեր տեսակի դեղահաբերի բաշխման իրականացման հարցերին` հանգեցնելով դեղորայքի մեծաքանակ մնացորդների առաջացմանը: Մասնավորապես, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և Երևանի թիվ 16 պոլիկլինիկաում որոշ դեղատեսակների մասով առաջացել են մնացորդներ, որոնք կբավարարեն առաջիկա 6-ից 14 ամսվա պահանջարկը:
Աշտարակի բժշկական կենտրոնում շաքարային դիաբետով հիվանդների հաշվառում, նրանց վերաբերյալ տվյալների հավաքագրում և ըստ տիպերի դասակարգում չի իրականացվում` խոչընդոտելով հակադիաբետիկ դեղորայքի իրական պահանջարկի ձևավորմանը: «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում և «Ակ. Ա. Հայրիյանի անվան Արմաշի ԱԿ»-ում կատարված ստուգումներով գնումների գործընթացում բացահայտվել են տարաբնույթ ընթացակարգային խախտումներ` կապված նրանց կողմից մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի, ինչպես նաև «Գնումների մասին» օրենքի չկատարման հետ: Օրինակ՝ տարբեր են սննդի ծախսերը` կազմելով 1000 և 1120 դրամ:
Հոգեբուժական կենտրոնն անցած տարի, բացի բենզինից և սննդամթերքից, առանց մրցույթի, բանակցային ընթացակարգով կնքել է 9.1 մլն դրամի թվով 11 պայմանագրեր:
«Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում ծառայությունների գնումը 2005 թ-ից ի վեր իրականացվել է օրենքի խախտամբ՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով: Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ակնհայտորեն կենտրոնացված են Երևան քաղաքում և հատկապես` 2-3 բժշկական հաստատություններում: Ընտրանքային կարգով ստուգումներ են կատարվել ԳՄԿ «Ուլտրաիմիջինգ» ՍՊԸ-ի և «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի կողմից համակարգչային տոմոգրաֆիայի և ՄՌՏ հետազոտության իրականացման օրինականության հարցերի շուրջ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացիների հերթագրումը կազմակերպվել է ըստ ղեկավարության բանավոր ցուցումի կամ հրամանի` ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտումներով: «Ուլտրաիմիջինգ» ուղեգրված հիվանդին նշանակված 1 հետազոտության փոխարեն կատարվել և հաշվետվությունով ներկայացվել է 3 հետազոտություն, մեկ դեպքում էլ հաշվետվության մեջ 55 հազար դրամի փոխարեն նշվել է 110 հազար դրամի կատարած հետազոտություն: Թույլ տրված սխալի արդյունքում առաջացած գումարների տարբերությունները վերականգնվել են պետական բյուջե:
ՎՊ-ն առողջապահության նախարարությանը մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ խստացնել պահանջները հակադիաբետիկ դեղորայքի բաշխման և հաշվառման գործընթացների նկատմամբ, հակադիաբետիկ դեղորայքով գերապահովվածությունը վերացնելու նպատակով բժշկական հաստատություններում կատարել մնացորդների գույքագրում, ուժեղացնել հսկողությունը «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ» ծրագրի շրջանակներում բժշկական հաստատությունների կողմից գնումների գործընթացը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու, բացահայտված ընթացակարգային խախտումները վերացնելու նկատմամբ և այլն: