Քաղաքական ուժերը կխանգարեն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով` քաղաքական ուժերի մասնակցությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի գործընթացին բացասական ազդեցություն կարող է ունենալ։ «Հաղթանակի դեպքում նրանք դիվիդենտներ կշահեն և ժողովրդին կասեն, որ հաղթանակին հասել են նաև իրենց պայքարի միջոցով։ Միևնույն ժամանակ, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական ակտիվիստները կտրականապես դեմ են, որ որևիցե քաղաքական ուժ այս շարժումն օգտագործի իր օգուտի համար։ Ինչքան շատ քաղաքական, առավել ևս` ընդդիմադիր ուժեր ներգրավվեն, այնքան իշխանությունն ավելի կկատաղի, կցանկանա այդ գները բարձրացնել, որպեսզի ցույց տա հասարակությանը, որ ինքը զիջումների չի գնալու քաղաքական ընդդիմադիր կուսակցություններին»,- 168.am-ի հետ զրույցում նկատել է քաղաքագետը։

Նաև հավելել է. «Եթե հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանություններն ավելի զուսպ են և իրոք գնում են զիջումների, որովհետև գիտեն, որ դա հասարակական պահանջ է, ապա քաղաքական ուժերի դեպքում իշխանություններն ինքնըստինքյան կգերադասեն զիջումների չգնալ, որովհետև դա ընդդիմության կողմից կդիտվի` որպես թուլություն, և մեծ հարված կլինի իշխանությունների համար։ Կարծում եմ` քաղաքական ուժերն ինչքան հեռու մնան այսպիսի պայքարներից, այնքան դա կլինի հօգուտ ժողովրդի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս