Այս անտարբերությունը ոչնչացնում է Հայաստանը

Ազգային ժողովում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ երեկ վիճաբանություն տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջև: Ա.Մանուկյանը ցանկանում է հասնել նրան, որ Հայաստանի հանրապետական նշանակության մշակութային հուշարձանների ցանկը սահմանվի օրենքով: Կառավարությունը դեմ է: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Արամ Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, ինչո՞ւ է կառավարությունը խուսափում պահպանվող հուշարձանների ցանկն օրենքով սահմանելուց:

– Շատ պարզ բացատրություն կա: Կառավարությունը հնարավորություն ունի հուշարձանների ցանկից հանել իր ուզած օբյեկտները, քանդել և տեղը հյուրանոց կառուցել, ինչը հենց հիմա անում են: Շրջեք քաղաքների կենտրոնական փողոցներով, տեսեք` քանի հուշարձան է այս պահին ավերվում: Աբովյան փողոցով իջեք, տեսեք` հին շենքերից բան մնացե՞լ է, թե՞ ոչ: Սևան-Երևան մայրուղով գնացեք, տեսեք` ինչ վայրագությամբ են ոչնչացրել հին, գեղեցիկ պղնձե հուշարձանը: «Դվին» հյուրանոցի առջև ոչնչացրել են Շիրազի գեղեցիկ շուրջպարը: Մինչև 2004 թ. ԱԺ-ն է հաստատել ցանկը: Ես եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, մենք ենք օրենք ընդունել, որ ցուցակը պետք է հաստատի ԳԽ-ն, հետո` ԱԺ-ն:

Դրանից ազնիվ, մարդկային որոշում կարո՞ղ է լինել, որ հուշարձանները պաշտպանում ես բարձր ատյանում, որևէ անցողիկ գող նախարար իրավունք չունենա հուշարձանների ցանկից իր հասկացողությամբ օբյեկտ հանի, ավերի, ռեստորան դարձնի: Մեր առաջարկն ընդամենն այս է` պահպանել աշխարհում եղած ադաթը, պահպանել մինչև 2004թ. ՀՀ-ում գործող ադաթը, լուրջ անշարժ հուշարձանները բերել հանրապետական կարգի` ցանկը հաստատելով ԱԺ-ում: Ես մշակույթի փոխնախարար եմ եղել, այդ ժամանակ մի հատ հուշարձան չի օտարվել, անգամ` շարժական: 2001 թվին Ռոբերտ Քոչարյանը, որ մի բեռնատարով 11-րդ դարի ձեռագրեր ու ավետարաններ տարավ գերմանացիներին նվեր՝ շրջանցելով օրենքը, նույն հոգեբանությամբ հանեց այդ օրենքը, ըստ երևույթին, նաև Հյուսիսային պողոտայի հուշարձանների ավերումն օրինականացնելու համար:

Կարդացեք նաև

Հիմա հ/կ-ները, քաղաքացիական խմբերը կազմել են այն ցուցակները, որ այս տարիների ընթացքում ոչնչացվել են` շուրջ 100 հուշարձաններ, որ քանդվել են` պետք է հետո վերականգնվեն, կամ քանդման գործընթացի մեջ են: Եթե դրա դեմը չառնենք, Երևանը կզրկվի շատ աղքատիկ իր պատմական հուշարձաններից: Մենք ընդամենն ունենք 19-րդ դարի հուշարձաններ, դրանից այն կողմ գրեթե ոչինչ չունենք: Եվ այս որկրամոլներն ուզում են դրանք էլ ոչնչացնել: Արդեն մի տարի ես բանակցում եմ կառավարության հետ, ՀՀԿ-ակաների հավանությունն եմ ստացել, բոլորին բացատրել եմ, որ` սա վայրագություն է, մի՛ թողեք հուշարձանները ոչնչացնեն, ստացել եմ համաձայնություն ԱԺ Մշակույթի հանձնաժողովում: Ի վերջո, հարգանք ունեցող մարդ եմ ես այս երկրում, ու, եթե բան եմ ասում, պետք է լսեն:

Այնպես չէ, որ իմ շահերից ելնելով եմ ասում: Ու տարօրինակորեն այս մի տարվա աշխատանքն արդյունք չի տալիս: Այժմ մի քանի օր էլ կսպասեմ, տեսնեմ` ինչ են ասում վերջնական, ու հանրային կարծիք ձևավորող շարժում կսկսվի հ/կ-ների, քաղաքացիական խմբերի` հուշարձանների փրկության շարժում: Իհարկե, շատերը կասեն` մարդկանց փրկելու ժամանակն է, տասնյակ-հազարներով հայերը լքում են իրենց օջախները, մնանք` քարե՞րը պաշտպանենք, բայց ա էլ է պաշտպանության խնդիր, նա էլ:

– Մի կողմից` չեն պահպանվում, մյուս կողմից` մեկը մեկի ետևից կառուցվում են նոր եկեղեցիներ՝ եկեղեցու, գործարարների, իշխանավորների կողմից: Երեկ, օրինակ, Արտաշատում բացվեց Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցին: Այս միտումն ինչպե՞ս եք գնահատում:

– Հիշո՞ւմ եք, Աղվան Հովսեփյանին ասեցի` մեղանչած մարդիկ կյանքի վերջում կամ եկեղեցի են կառուցում, կամ խաչ են դնում, խորհուրդ տվեցի գնալ խաչ դնելու, գնաց ու դրեց Ապարանի խաչը: Եկեղեցին ո՞ւմ համար է: Մարդո՞ւ: Եթե մարդը չի ուզում իր երկրում ապրել, լքում է մասսայական, հայկական դպրոցը ոչնչանում է, հայերենը ոչնչանում է այս իշխանության օրոք, եկեղեցի կառուցում են, որ ի՞նչ անեն: Ամեն մեկն իր նկարը խոյակի վերևում դնի, ու դրանով մեղքերի քավո՞ւմ պետք է լինի: Ես այդպես չեմ կարծում:

– Կիրակի օրն Արտաշատում էր ՀՀ քաղաքական էլիտանգ նախագահի գլխավորությամբ: Բոլորը գնացել էին մի եկեղեցու բացման, ՀՀ-ում այլ կարևոր գործ չկա՞:

– Վահե Քաչա, «Խնջույք ժանտախտի ժամին»… աշխարհի մի քանի դասականներ ունեն նմանատիպ իրավիճակների մասին գրական գործեր, երբ երկիրը ժանտախտի ճիրաններում է, սպառվում է, ու մարդիկ խնջույք են անում: Ամեն օր հանդիպում եմ նման իրավիճակների: Հասարակության մեջ կա մի անտարբեր հարուստ զանգված, որ խնջույք է անում` կենացներ են խմում` հայ մոր, զինվորի, հայրենիքի, սփյուռքի, Ցեղասպանության զոհերի հիշատակի համար ոտքի են կանգնում այն դեպքում, երբ երկրի 40%-ը սոված է, հացի փող չունի, երբ երկիրը սպառվում է արագընթաց տեմպերով: 15 տարում ՀՀ դպրոցներում աշակերտների թիվը կրճատվել է 250 հազարով:

Այսինքն` 250 հազար հայ աշակերտ Հայաստանը լքել է: Սա ցեղասպանություն անվանե՞մ, թե՞ ասեմ` եկեղեցի կառուցեք, ֆիլմ նկարեք, կենաց խմեք: Այս անտարբերությունը և աչք փակելն ամեն ինչի վրա ոչնչացնում է Հայաստանը: Նույն ձևով էլ գնացել են եկեղեցի բացելու: Թող բացեն: Ո՞վ է այդ եկեղեցում աղոթելու:

– Ե՛վ կիրակի` Արտաշատում եկեղեցու բացմանը, և՛ երկուշաբթի` Մալաթիա համայնքում կինոթատրոնի բացմանը, Գագիկ Ծառուկյանն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է կատարվում Սարգսյան-Ծառուկյան հարաբերություններում, ներո՞ւմ է եղել, հաշտվե՞լ են:

– Չգիտեմ: Ինձ կարող եք տարօրինակ համարել, խնդիրներից խուսափող համարել, բայց ինձ մի հարց է հուզում` այս երկիրը որ մենք տվեցինք հաջորդ սերնդին, մեզ անիծելո՞ւ են, թե՞ ասելու են` տվեցիք այն, ինչ մենք կարող ենք տալ մեր երեխաներին:

Մեր երկիրը սպառվում է այս իշխանության օրոք: Եթե այս իշխանությունը կարողանար արտագաղթը կանգնեցնել, ես նրան չէի քննադատի, եթե կարողանար ներգաղթ կազմակերպել, ես կաջակցեի նրան: Այսինքն` բացարձակ այն կլասիկ քաղաքական գործիչը չեմ, որ անձերով նայեմ: Ես գործով եմ նայում, ու գործով այս մարդիկ անում եմ միայն հայաստանավնաս, հայավնաս գործ, իրենց բոլոր քայլերը նպաստում են ՀՀ-ից հիասթափվելու ու գնալու համար: Դա պատահական չէ, որ «Եվրատեսիլին» չէին քվեարկում ՀՀ-ին, չէ՞ որ անցած տարիներին քվեարկել են: Հավատ այլևս չկա, որովհետև ցանկացած հայաստանյան միջոցառում ասոցիացվում է հայաստանյան իշխանության հետ` Ձեր ասած եկեղեցի բացելը, երգը, ֆուտբոլը, ամեն ինչը: Այլևս սփյուռքը և ոչ սփյուռքը ՀՀ-ի նկատմամբ որևէ դրական էմոցիա չունի, որևէ հույս չի կապում: Բոլորը երես են թեքել: Այն 60 հազար մարդը, որ այս տարի գնացել է արդեն, գնացել է ընտանիքով, ոչ թե փող են ուղարկում իրենց ընտանիքը պահելու համար, այլ հորն ու մորն էլ են տանում: Այս վերջին աննորմալությունը` արտագնա աշխատանքի գնացողների հետ կապված նրանց համակարգված գնալն ու հարկեր մուծելը կազմակերպելը, գնացեք սփյուռքում, ՌԴ-ում աշխատողներին հարցրեք` ինչպե՞ս են վերաբերվում սրան:

Ուղիղ ներդումները 4 ամսում պակասել են 2 անգամ, տրանսֆերտները նույնպես 2 անգամ պակասել են: Առջևում սոցիալական պայթյուն է սպասվում: Նախկինում եթե սփյուռքը կամ արտագնա աշխատողները մեզ փող էին ուղարկում, դրանով սրանց էինք պահում, որովհետև այդ փողը դառնում էր կոշիկ, սնունդ, հեռախոս, տրանսպորտ, և դրա տոկոսը կամ ԱԱՀ-ն գնում էր Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին: Հիմա դա էլ չկա: Քանի որ իրենք աշխատատեղ, արտադրություն չեն ստեղծում, ներդրումներ չեն բերում, շահագրգռվածություն չեն ստեղծում, որ մարդիկ գային, ապրում էին սփյուռքի հաշվին, հիմա դա էլ կտրվեց: Ի՞նչ են անելու: Կամ իրար են ուտելու, կամ էլ այնպիսի աննորմալ որոշումներ են ընդունելու, որ հային ասեն` արագ վեր կաց, այստեղից գնա:

– Իսկ Սարգսյան-Ծառուկյան հարաբերություններից տեղյակ չե՞ք: ՀԱԿ-ը պայքարում էր ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ` ընդդեմ Սերժ Սարգսյանի: Հիմա կարծես Սարգսյանն ու Ծառուկյանը հաշտվել են:

– Չեմ կարող ասել, չգիտեմ: Այդ հարցը ճիշտ կլինի տալ «Բարգավաճին»:

– Շատերը գտնում են, որ փոփոխությունների հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ մակարդակից: Շուտով ՀՀ որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, բայց ընդդիմությունը ոչ մի տեղ ներկայացված չէ: Ինչո՞ւ:

– Ընդդիմությունը լավ ներկայացված էր համայնքների խոշորացման հանրաքվեին, գոնե ես եղել եմ 7 գյուղերում, Լևոն Զուրաբյանն էլ` 7 ուրիշ գյուղերում: Ժողովուրդը շատ ագրեսիվ է տրամադրված, դեմ էր այդ խոշորացմանը և գնաց ու քվեարկեց: 14 համայնքներից միայն 2-ում է «այո»-ն անցել: Դա շատ լուրջ է, այն էլ այսքան խեղճացած գյուղերում: Որտեղ եղել եմ, այդ գյուղերի դպրոցներում աշակերտների թիվը միջինը 2-3 անգամ պակասել է:

Այսինքն` գյուղերը սպառվում են, բայց անգամ այնտեղ մնացած տատիկ-պապիկներն էլ են դեմ այդ քաղաքականությանը, և դեմ քվեարկեցին: Ես կարծում եմ` հաջորդ անգամ, որ մենք տեղական մարմինների հետ կաշխատենք, սահմանադրության նախագիծը լինի, եթե իրենք համարձակվեն գնալ դրան: Այս մեծ համակարգում, երբ ամեն ինչ ոչնչացվում է, գնալ 1-2 գյուղում գյուղապետ ունենալ, անիմաստ է, որովհետև այնքան վարկաբեկված մեխանիզմներ են կիրառում, դատախազով, դատավորով, գյուղապետով, քյոխվեքով, ֆինանսական ամբողջ համակարգով քվեարկություն են անցկացնում 1-2 հոգու համար: Այստեղ ընտրություն չկա:

Աշխարհի որևէ երկրում ասեք` ՀՀ-ում կա մի քաղաքական ուժ, որը 17 տարի իշխանության մեջ է, և գնալով նրա տոկոսներն ավելանում են, իսկ այդ երկրից մարդիկ գնում են, կծիծաղեն ձեր վրա: ՀՀԿ-ի իշխանության ժամանակ երկրից, իրենց թվերով, գնացել է 500 հազար մարդ, և իրենց տոկոսները գնալով ավելանում են: Ընդամենը մի քանի օր առաջ քննարկում ենք, ասում ենք` գոնե ցուցակները մաքրեք: Եթե ամենահամեստ հաշվարկներով` 800 հազար մարդ Հայաստանում չի ապրում արդեն 10 տարի, մաքրենք այդ ցուցակները, գնանք ընտրությունների, ինչն արեցին վրացիները:

Չեն համաձայնում, որովհետև այդ չեղած ձայներով իրենք կեղծում են ընտրությունները: Էլ ինչի՞ն մասնակցենք: Մեզ ոչ թե ՏԻՄ-երում 5 կամ 50 տեղ է պետք, այլ պետք է այս իշխանությունը փոխել: Համակարգն ամբողջությամբ եթե չփոխվի, ՀՀ-ն ոչնչանում է, ՀՀԿ-ն վերջում կմնա մենակ:

Ես կարծում եմ` մեր հասարակությունը դեռևս այնքան սպառված չէ, որ վերջին ճիգերով չկարողանա իր իրավունքները պաշտպանել: Ինձ հուսադրում են վերջին երիտասարդական շարժումները` հոսանքի, գազի թանկացման հետ կապված: Վերջին հանրահավաքին ես շատ լուրջ, լավ երիտասարդներ տեսա, քանակ տեսա, բազմիցս զրուցել ենք, և չկա մարդ, որ չի ուզում աջակցել նրանց: Ես կարծում եմ` սա կարելի է շարունակել, ընդարձակել, ինչն անում ենք, աջակցում ենք: Ցանկացած հիվանդ օրգանիզմ բնության մեջ մահանալուց առաջ ներքին ռեսուրսներ է ակտիվացնում: Ես կարծում եմ` այդ ռեսուրսները ՀՀ-ում աշխատելու են:

Տեսանյութեր

Լրահոս