Բաժիններ՝

Չգնահատված ազգային հարստություն

Խմելու ջրի պաշարներն աշխարհի շատ երկրներում սպառվում են, և ըստ գիտնականների կանխատեսումների` 2025թ. աշխարհի բնակչության 2/3-ը կունենա խմելու ջրի սակավության լուրջ խնդիր։ Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքներից մեկը։

Հայաստանի կառավարությունը, սակայն, այս մասին կարծես թե չի մտածում։ Սևանա լիճը, որը ՀՀ քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է, վտանգված է։ Սևանա լիճը համարվում է ՀՀ և ողջ Կովկասի տարածքի 35 մլրդ մա քաղցրահամ ջրի շտեմարանը, բայց այսօր լիճը գտնվում է անմխիթար վիճակում։ Բնապահպանները նախ և առաջ կործանարար են համարում լճից ջուր բաց թողնելու մասին կառավարության որոշումը։

Մեզ հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ չի կարելի խաղալ լճի մակարդակի հետ. «Պատկան մարմինները պատճառաբանում են, որ ջուր չկա, երաշտ է, սակայն բոլորս էլ տեսնում ենք, որ չնայած Երևանում ձյուն չի եղել, բայց շրջաններում ձնառատ ձմեռ է եղել, և գարունն էլ շատ ջրառատ էր։ Պատճառաբանություն բերել և ասել, որ պետք է 170 միլիոն մա ջուր բաց թողնենք, բարոյական չէ։ Ջուր բաց թողնելը շատ լուրջ է անդրադառնում լճի ջրի որակի վրա, որովհետև, եթե ջուրը բարձրանում է, պետք է թողնել` այնքան բարձրանա, որ ջրի որակը լավանա, ջուրը սառը լինի, ոչ թե տաքանա»։

Sevan-Razmik

Կարդացեք նաև

Sevan Razmik (6) Sevan Razmik (5)

 

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը մեզ հետ զրույցում խոսելով լճի ջրբացթողնման մասին` ասաց. «Սևանի ջուրը տալիս են ձկնաբուծարաններին, դա բոլորիս համար պարզ է։ Սևանա լճի մակարդակի բարձրացումը ձեռնտու չէ նաև այն պատճառով, որ իրենց «օբյեկտները», ամառանոցները և այլն Սևանա լճի ափին են։ Ջրբացթողումները կարող են առաջացնել լճի ճահճացում։ Մի քանի տարի առաջ, երբ ջրի մակարդակը ցածր էր, լճում առկա էին կապտականաչ ջրիմուռներ, որոնց պատճառով ջրի թափանցիկությունը ցածր էր։ Լճի մակարդակի բարձրացման հետ բարձրացել էր նաև ջրի թափանցիկությունը։ Հիմա նորից խաղում են լճի մակարդակի հետ»։

2001թ. ընդունված «Սևանա լճի մասին ՀՀ օրենքով» լիճը համարվում է հոգևոր արժեք, քաղցրահամ ջրի շտեմարան։ Օրենքը սահմանում է լճի էկոհամակարգի վերականգնման ու բնականոն զարգացման, նրա բնական ռեսուրսների վերարտադրության ու օգտագործման քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները։

Բայց ՀՀ գրեթե բոլոր օրենքների նման` այս օրենքն էլ է մնում թղթի վրա։ Բնապահպանները նշում են նաև, որ լիճը փրկելու համար պետք է պահպանել դրա մաքրությունը։

«Լիճ թափվող բոլոր 28 գետերն ակունքից սկիզբ են առնում` որպես խմելու ջուր, սակայն անցնելով գյուղերով` լիճ են լցվում` համարյա իբրև կոյուղաջուր։ Միայն Արփա-Սևան ջրանցքն է համեմատաբար մաքուր, որովհետև չի մտնում գյուղեր։ Սևանից դուրս եկող Հրազդան գետի վիճակը ևս սարսափելի է։ Ջուրը մի օր կնեղանա մեզնից։ Վտանգված է ամբողջ Սևանը»,- նշեց Գագիկ Սուխուդյանը։
Սիլվա Ադամյանի խոսքով` մասնագետները փաստում են, որ Սևանա լիճը մաքրելու համար պետք է լճում մեծ քանակությամբ ձուկ լինի, բայց այդ ձուկը պետք է հենց լճում աճեցնել, կանխել որսագողությունը, որպեսզի ձուկը սնվի տվյալ սննդով, որն իրեն անհրաժեշտ է։ Այդպիսով Սևանի ջուրը կմաքրվի. «Բացի դրանից` մենք չենք մաքրել ափերը, վատ է մաքրված լճի հատակը, որի հետևանքով ափերում ճահճացման պրոցես է կատարվում»,- ասաց նա։

Sevan Razmik (1)

Ըստ հետազոտությունների՝ լճի դարավոր ջրային պաշարների օգտագործման հետևանքով ստեղծվել է հետևյալ էկոլոգիական իրավիճակը. Փոխվել է ջրի որակը։ Այդ փոփոխության պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները։ Ներհոսող ջրի հանքայնությունն աճել է 1.5 անգամ։ Նախկինում լճի ջրում հանքային ազոտը գրեթե բացակայում էր, առկա էր հանքային ֆոսֆորի մեծ քանակություն։ Ներկայումս ազոտը նկատվում է ամենուրեք, ֆոսֆորը նվազել է։ Լճի մակերեսի ջրի տարեկան տատանումների ամպլիտուդան աճել է։ Ջրափոխանակությունը Մեծ և Փոքր Սևանների միջև նվազել է։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը սկզբում եղել է 12մ, այժմ` 4.5 մ։ Ֆիտոպլանկտոնային համակարգը կրել է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ։ Լայնորեն տարածվել են դիատոմները, կանաչ և կապտականաչավուն ջրիմուռները։

Լճի մակարդակի իջեցումը հանգեցրել է հատակային մակրոֆիտների կտրուկ նվազման շուրջ 10 անգամ։ Զոոպլակտոնը 60-ականներից հետո աճել է։ Զոոբենթոսի կենսազանգվածը նույնպես աճել է։

Sevan Razmik (3)

Սիլվա Ադամյանի կարծիքով` Սևանի հետ կապված ամեն ինչ պետք է լուրջ ուսումնասիրվի, բոլոր խնդիրները հազար անգամ քննարկվեն, ինչը մեզ մոտ չի արվում. «Դա Սևանի հանձնաժողովի առաջին պարտականությունն է։ Բացի դրանից` գոյություն ունի պատկան մարմին` Բնապահպանության նախարարությունը, որը պետք է զբաղվի այդ հարցերով։ Ամեն հանդիպման ժամանակ մեզ հավաստիացնում են, որ բոլոր խնդիրները կլուծվեն, օրենքները կգործեն, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, և հասարակական կազմակերպությունները ստիպված են լինում ամեն տարի նույն հարցը բարձրացնել»։

Ըստ բնապահպանների` լիճը փրկելու, լճի էկոլոգիական վիճակը նորմավորելու առաջին քայլը պետք է լինի գոնե 5 տարի լճից ջրբացթողնման կանխումը։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս