Վարդուհի Էլբակյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով: Փաստաբանը որպես գրավի գումար առաջարկեց 1 մլն դրամ կամ այն գումարը, որը դատարանը կհամարի բավարար՝ որպես երաշխիք:

Վարդուհի Էլբակյանն ասաց, որ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են բոլոր տուժողները, վկաները, ամբաստանյալները և ուսումնասիրվել են քրեական գործի բոլոր ապացույցները: Պաշտպանն ասաց, որ նախաքննության փուլում Ներսես Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նախաքննական մարմինը ներկայացրել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), և այդ հոդվածով պատիժ է նախատեսվում նաև ազատազրկման ձևով, և Ներսես Մելքոնայնի առնչության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, ինչպես նաև, որ «Ն. Մելքոնյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և մեղսագրվող արարքի համար պատիժ է նախատեսվում 1 տարուց ավելի ժամանակով»:

Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Ներսես Մելքոնյանը ողջ դատաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ և որևէ ձևով չի խոչընդոտել դատաքննությանը.

«Դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ տվյալ, որ Ն. Մելքոնյանը կամ նրա մտերիմները կամ ընկերները որևէ ձևով անգամ փորձել են անօրինական ազդեցություն ունենալ կամ ներազդել գործով տուժողների կամ վկաների վրա»:

Կարդացեք նաև

Վարդուհի Էլբակյանն ասաց, որ հոդվածով նախատեսված արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է իր պաշտպանյալը, դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսվում է պատիժ նաև տուգանքի ձևով:

Պաշտպանն ասաց, որ Ներսես Մելքոնյանի նկատմամբ դեռևս նախաքննության փուլից կիրառված է եղել ոչ համարժեք խափանման միջոց, իսկ այժմ էլ վերացել են նախնական փուլի բոլոր հիմնավորումները՝ Ներսես Մելքոնյանին կալանքի տակ պահելու համար՝ հաշվի առնելով նրա անձը, այն, որ նա բնութագրվում է դրականորեն, ունի 2 անչափահաս երեխաներ, խնամքին է թոշակառու հայրը, ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Վարդուհի Էլբակյանն ասաց նաև, որ, բացի դրանից, առկա են բազմաթիվ նախադեպեր, երբ թե՛ դատարանի, թե՛ վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառվել են այլ խափանման միջոցներ, անգամ ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ: Փաստաբանը վկայակոչեց մի քանի նման որոշումներ, ինչպես նաև ներկայացրեց կալանավորում խափանման միջոցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը:

Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ իր կարծիքով՝ կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպանը ևս չառարկեց միջնորդության դեմ:

Մեղադրողը խնդրեց ժամանակ տրամադրել միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 1-ը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս