«Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը կենցաղայի՞ն է եղել
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ծրագրավորված և մանրամասն աշխատանք է կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Այդ քրեական գործով մենք ունեցել ենք և ունենք և միշտ զարգացնում ենք քրեական գործի քննության ծրագրերը, և ծրագրավորված աշխատանք է կատարվում այդ գործով, մանրամասն աշխատանք՝ յուրաքանչյուր հանգամանքի բազմակողմանի ստուգմամբ: Ամեն ինչ քննության առարկա է դարձվում»,- ասաց նա:
Ա. Հովսեփյանը նշեց, որ այդ գործով բազում փորձաքննություններ են նշանակվել, որոնց եզրակացությունները ստանալուց հետո նշանակել են համալիր փորձաքննություններ: «Բոլոր անհրաժեշտ գործողությունները մենք կատարել ու կատարելու ենք: Վստահ եմ, որ գործն ավարտվելուց հետո դուք մանրամասն կիրազեկվեք»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը ռուսական կողմի հետ, Ա. Հովսեփյանը պատասխանեց. «Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք մեր իրավասությունների սահմաններում ապացույցներ ձեռք բերելու համար, և ռուսական կողմը` նույնպես: Ամեն ինչ անում են մեր կոլեգաները, որպեսզի գործի բոլոր հանգամանքները պարզաբանվեն: Նույնիսկ ես տեղյակ եմ, որ մի շարք սպաների նկատմամբ հարուցել են քրեական գործեր, որոնք իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ են կատարել կամ թույլ են տվել չարաշահումներ: Զգալի թվով անձինք սպայական անձնակազմից հեռացվել են աշխատանքից»:
Հարցին՝ արդյոք պարզվե՞լ է մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, Ա. Հովսեփյանը պատասխանեց, թե գործում շարժառիթի վերաբերյալ կան նախնական տվյալներ, որոնք ստուգվում են. «Այդ շարժառիթներն էական չեն, կենցաղային են»: Գորիսում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատվեց Գորիսի ոստիկանապետը: Մամուլում մեկնաբանություններ եղան, թե պաշտոնանկության պատճառը հենց այդ միջադեպն է եղել: Լրագրողներից մեկն Ա. Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպասվո՞ւմ են հեռացումներ: Ի պատասխան` նա ասաց, որ տեղեկատվություն չունի, թե ինչի համար են հեռացրել Գորիսի ոստիկանության պետին: Նա նշեց նաև, որ չգիտի, թե ինչքանով է դա կապված միջադեպի հետ, և չի կարող մեկնաբանել:
Ա. Հովսեփյանի խոսքով՝ եթե գործի քննության արդյունքում պարզվի, որ Սյունիքի քննչական ապարատի աշխատակիցները հանցագործություն են կատարել, նրանց վերաբերյալ գործը կուղարկեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն: «Եթե պարզվի, որ կարգապահական խախտում են թույլ տվել, իհարկե, կենթարկենք կարգապահական տույժերի, իսկ եթե պարզվի, որ գերազանց կատարել են իրենց ծառայողական պարտականությունները, կխրախուսվեն»,- ասաց Ա. Հովսեփյանը:
Հարցին՝ արդյոք քրեական գործում կա՞ն հստակ տեղեկություններ, թե քանի հոգի է մասնակցել ծեծկռտուքին, Ա. Հովսեփյանը պատասխանեց. «Այդ գործով քննչական գործողություններ են կատարվում: Հոլովվում են 10-ից ավելի անձինք: Ով՝ ինչ մասնակցություն է ունեցել, պետք է պարզի նախաքննությունը»:
Նշենք, որ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015թ. մայիսի 2-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք»:
Անդրադարձ եղավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված, ապա ազատ արձակված անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Գևորգ Սաֆարյանի գործին: Հիշեցնենք, որ նրանք ազատ էին արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նրանց վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվելու է: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ա. Հովսեփյանն ասաց. «Դեռ ես չգիտեմ այդ գործի ավարտի և քննության արդյունքների մասին: Այդ ո՞վ գիտի՝ կկարճվի՞, թե՞ ինչ կլինի: Քննիչն էլ չգիտի, վստահեցնում եմ, որովհետև դեռ նախաքննություն է իրականացվում: Նախաքննություն է կատարվում: Ըստ արդյունքների՝ որոշում կկայացվի»: Նրա խոսքով՝ իրեն հարցնում են, թե ինչու են կալանավորվել նրանք: Ըստ Ա. Հովսեփյանի՝ անկհայտ էր, որ կազմակերպվում էին զանգվածային անկարգություններ. «Իրենք էլ չէին թաքցնում»:
Աղվան Հովսեփյանն ասաց, որ նախաքննության մարմնի նպատակը ոչ միայն կատարված հանցագործության բացահայտումն է, այլև կանխումը. «Այնպես չէ, որ որևէ երկրի իրավապահ մարմինները պետք է սպասեն՝ հանցագործությունը ավարտին հասնելու դեպքում` նոր փաստի հետևից գնալով` իրականացնեն նախաքննություն: Յուրաքանչյուր պետության իրավապահ ոլորտի խնդիրն է` նաև կանխել հանցագործություններ»:
Հ.Գ. «Հիմնադիր խորհրդարանի» անդամների պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով կարճել քրեական գործի վարույթը: Երեկ պաշտպաններից Արա Զաքարյանը մեզ տեղեկացրեց, որ պատասխան դեռ չեն ստացել: