Ինչո՞ւ Ռուսաստանը չի հրաժարվի ԵՏՄ-ից

Օրերս Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ, նախարար Անդրեյ Սլեպնյովը ներկայացրել էր, թե ինչ դժվարին իրավիճակում է հայտնվել Եվրասիական տնտեսական միությունը։

Նա մասնավորապես հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միության ցուցանիշերն առանձնապես ոգևորիչ չեն. ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունը նվազել է, ներդրումները` պակասել։
«Եթե նայենք թվերին, կտեսնենք, որ և՛ Չինաստանի հետ, և՛ Եվրամիության, և՛ մեր ներքին առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 10 տոկոսով։ Տեղի է ունենում հորիզոնական իջեցում բոլոր ուղղություններով, որը պայմանավորված է արժեզրկմամբ, պահանջարկի անկմամբ, ոչ այնքան լավ ներդրումային կանխատեսումներով, ինչպես ասում են` փախչելու տեղ չկա,- ասել է Սլեպնյովը` շարունակելով,- Անկեղծ եմ ասում` ինչպես կա. լավ վիճակում չենք, առևտրաշրջանառության այսպիսի կտրուկ անկմանը պետք է արձագանքել հատուկ քաղաքականությամբ»։

Այս ամենին զուգահեռ` Սլեպնյովը խոսել է նաև ԵՏՄ-ի և մի շարք երկրների միջև ստեղծվելիք ազատ առևտրի գոտու հնարավորության մասին։

Մեզ հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ Արտաքին և պաշտպանական խորհրդի ղեկավար, միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության ապագային և զարգացման հեռանկարներին` ասաց, թե ԵՄ-ն նույնպես առանց խնդիրների չի ձևավորվել և դարձել ներկայիս կայուն միությունը։ Նա հիշեցրեց, որ ԵՄ զարգացման ճանապարհին տասնամյակներ շարունակ լուրջ խոչընդոտներ են եղել, ինչը, նրա համոզմամբ, նման միությունների զարգացման օրինաչափ տրամաբանությունն է։ Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միությունն արդեն իրողություն է, և դրանից հրաժարվելու հնարավորություն չկա, հետադարձ չկա Ռուսաստանի համար։ «Առկա խնդիրները լուծելի են և կլուծվեն միասնական ձևաչափում, քանի որ Եվրասիական տնտեսական միությունն այլընտրանք է դարձել այն երկրների համար, որոնք երբեք չէին ցանկանա միանալ Եվրոպական միությանը։ Տնտեսական դժվարին կացությունը, իսկապես, խոչընդոտում է միության զարգացմանը, բայց ՌԴ-ն կարողացել է դժվար փուլը հաղթահարել, որի արդյունքում` ԵՏՄ-ն նույնպես դժվարությունները կհաղթահարի»,- նշեց նա։ Նրա կարծիքով` այսօր ՌԴ-ի համար շատ ավելի կարևոր են Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ու այն փոփոխությունները, որոնց ցանկանում է Ռուսաստանը հասնել այդ հարաբերություններում, այսինքն` իրավահավասար հարաբերություններ` Արևմուտքի, հատկապես` ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք նաև

Simonov«168 Ժամի» հետ զրույցում «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, ի տարբերություն Լուկիանովի, ասաց, որ Եվրասիական տնտեսական միությունն իսկապես լուրջ բարդությունների առջև է կանգնած, և այդ բարդություններն էլ ավելի են խտանալու ապագայում, քանի որ դրանք չեն լուծվում միասնականորեն։ Սակայն, նրա համոզմամբ, Ռուսաստանը հեշտությամբ մի կողմ չի դնի այս պրոյեկտները, քանի որ դրանք առաջնային քաղաքական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։ Սիմոնովի համոզմամբ` ելքը մեկն է` ծախսերը կրճատելը։

«Ես բազմիցս եմ կրկնել, որ տնտեսական ճգնաժամը, թեև այս դեպքում իրավիճակը հեռու է նման բնորոշումից, կարգավորելու համար անհրաժեշտ է պարզապես չանել շռայլություններ։ Ռուսաստանն ունի ռեսուրսներ, և այդ ռեսուրսները պետք է ծախսել իրավիճակը կայունացնելու համար, և ոչ թե` այս կամ այն քաղաքական գործչին «վճարելու» համար, իսկ դա տեղի է ունենում և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի դեպքում»,- ասաց Սիմոնովը։ Վերջինիս համոզմամբ` այդ պրոյեկտներն այսօր ունեն ոչ այնքան` տնտեսական, որքան` քաղաքական նշանակություն։ Նրա վստահեցմամբ` Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին այս պրոյեկտների նշանակությունն աճել է, քանի որ դրանցով Ռուսաստանն Արևմուտքին ցույց է տալիս, որ կան իրեն նվիրված, գործընկեր երկրներ։ «Ռուսաստանի համար այդ պրոյեկտները տնտեսապես նպատակահարմար չեն, և ապագան էլ դժվար կանխատեսելի է»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս