Բաժիններ՝

Ինչպես է պակասում փողը

Երբ ասում ենք` դրսից եկող տրանսֆերտները նվազել են, շատերը լավ չեն պատկերացնում` ինչի՞ մասին է խոսքը և ի՞նչ ծավալի նվազման մասին։ Սա, իհարկե, այն մարդկանց մասին չէ, ովքեր ապրում են հենց այդ տրանսֆերտների հաշվին. նրանք իրենց մաշկի վրա են զգում տրանսֆերտների նվազումը և դրանում համոզվելու համար պաշտոնական թվերի կարիքը չունեն։

Մնացածը, ովքեր ապրում են ՀՀ-ում ստացած աշխատավարձով կամ այստեղ գործող բիզնեսից ստացվող եկամուտներով, նույնպես զգում են տրանսֆերտների նվազման ազդեցությունը` ընդհանուր տնտեսական վիճակի պասիվացման միջոցով։ Նրանք նաև երբեմն հետևում են մամուլի հաղորդագրություններին, որոնցում ներկայացվում է, թե որքանով են պակասել դրսից ստացվող փողերը տվյալ ամսում կամ եռամսյակում։ Լսում են ու հետո` մոռանում։

Ժողովրդական իմաստնությունն ասում է` ավելի լավ է` մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել։ Դրա համար մենք վերհանել ենք ՀՀ ԿԲ տվյալները` վերջին 1.5 տարվա կտրվածքով, որպեսզի դրանց վրա կառուցված գծապատկերով ցույց տանք տրանսֆերտների նվազումը։

Նայեք գծապատկեր 1-ին, և առանց թվեր նշելու` միանգամից ամեն ինչ պարզ կդառնա։ Այստեղ ներկայացված են յուրաքանչյուր ամիս ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան ուղարկվող փոխանցումները։

Կարդացեք նաև

ttransferts-gcap1

Հայաստանի պարագայում ստացվող տրանսֆերտներն ունեն հետևյալ օրինաչափությունը` հունվարին դրանք լինում շատ փոքր, նվազագույն մակարդակի վրա, հետո ամսեամիս աճում են` իրենց պիկին հասնելով հուլիս-օգոստոս ամիսներին։ Սեպտեմբերից սկսած տրանսֆերտները մի փոքր նվազում են, սակայն դեկտեմբերին (կապված ամանորյա տոների հետ) աճ են արձանագրում։ Այնուհետև հունվարին կրկին անկում` դեկտեմբերի նկատմամբ, և նորից աճ։

Սա սովորական սեզոնային ցիկլ է։ Սակայն միշտ, յուրաքանչյուր տարվա հունվարին տրանսֆերտներն ավելի մեծ են եղել, քան նախորդ տարիների հունվարին։ Այսինքն` չնայած տրանսֆերտները տարվա ընթացքում տատանվում են, սակայն երկարաժամկետ հեռանկարում` տարիների կտրվածքով, դրանք աճ են ունենում։ Այս անգամ այդ օրինաչափությունը խախտվել է։ Նախ, 2014 թվականի հուլիսից հետո Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շեշտակի են նվազել` ավելի զգալի չափով, քան նախորդ տարիներին։ Հունվարից հետո, ճիշտ է, դրանք ամսեամիս աճել են, սակայն ավելի քիչ են եղել, քան 2014-ին (գծապատկեր 2)։

ttransferts-gcap2

Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 272.8 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 420.7 միլիոն դոլարի դիմաց։ Եռամսյակային կտրվածքով` տրանսֆերտները նվազել են 147.8 միլիոն դոլարով կամ 35.1%-ով։

Ընդ որում, նվազումը, կարելի է ասել, բացառապես պայմանավորված է ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների կրճատմամբ։ Դրանք կիսով չափ նվազել են` 296.7 միլիոն դոլարից հասնելով 149 միլիոն դոլարի։ Մնացած երկրներից ստացված տրանսֆերտները միասին վերցրած նվազել են ընդամենը 0.1%-ով (ըստ երկրների` տրանսֆերտների ներհոսքի շարժը ներկայացված է աղյուսակում)։

ttransferts-axyusak

Այս ամենի մասին, իհարկե, գրվել է։ Մենք պարզապես փորձեցինք առավել համակարգված և պարզ տարբերակով ներկայացնել տրանսֆերտների վիճակագրությունը։

Սակայն կա մի, այսպես ասած, հարթություն, որում մեր տրանսֆերտային ցուցանիշերը երբեք չեն ներկայացվել։ Կենտրոնական բանկը ներկայացնում է ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի կողմից ՀՀ կատարված փոխանցումները, և բացի այդ` առանձին աղյուսակով ներկայացնում են այդ փոխանցումների մեջ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ կատարված փոխանցումները։ Այսինքն` երբ անհատներն անձնական օգտագործման նպատակով գումարներ են փոխանցում կամ ստանում։

Դրանց տարբերությունը` ֆիզիկական անձանց ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ կատարված փոխանցումները, սովորաբար անուշադրության են մատնվում։ Մինչդեռ դրանց ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր փաստեր է պարունակում։ Եթե պարզ ասենք, այս փոխանցումներն արտացոլում են ֆիզիկական անձանց բիզնես ակտիվությունը։ Ասենք, առևտրային նպատակով ներհոսքի մեջ ներառված են նաև անհատ ձեռնարկատերերի ստացած գումարները, որոնք ստացվել են օտարերկրյա անհատ ձեռներեցներին կամ քաղաքացիներին մատակարարված ապրանքների կամ ծառայությունների դիմաց։ Հ

իմա անցնենք թվերին։ 2015 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը եղել է 66.5 միլիոն դոլար։ Դա ընդհանուր փոխանցումների 24.4%-ն է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 23.1 միլիոն դոլարով կամ 25.8%-ով։ Այսինքն` նվազման տեմպն ավելի ցածր է, քան ընդհանուր փոխանցումներինը (գծապատկեր 3)։

ttransferts-gcap3

Սակայն այստեղ ուշագրավը մեր հիմնական առևտրային գործընկեր երկրից` Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն են։ Դրանք նվազել են 85.8%-ով (7 անգամ)։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում` ընդամենը 4.7 միլիոն դոլար։ Ընդ որում, մյուս երկրների մասով գրանցվել է նույնատիպ փոխանցումների 9.3% աճ։ Սա անուղղակիորեն ցույց է տալիս Հայաստան-ՌԴ առևտրաշրջանառության ծավալների անկման տեմպը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս