Ադրբեջանում վատ պայմաններ են ստեղծված փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար. Համաշխարհային բանկ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 10 տարիներին նավթի վաճառքից մեծ եկամուտներ ստացած Ադրբեջանը ներկայումս բախվել է այդ եկամուտների նվազման և Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության խնդիրներին:
Այս մասին նշված է Համաշխարհային բանկի կայքում տեղ գտած խմբագրակազմի հոդվածում: Դրա համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է տնտեսության դիվերսիֆիկացում, որպեսզի նվազեցնի նավթային ոլորտից երկրի կախվածությունը, խթանի մասնավոր սեկտորի աճ և նոր աշխատատեղերի ստեղծում:
Սակայն դրան հասնելու համար ֆինանսական սեկտորը պետք է աճի և մեծացնի տնտեսությանը սպասարկելու իր կարողությունը: Ֆինանսական սեկտորը շարունակում է մնալ հարաբերականորեն ոչ մեծ, և պետությունը գերակա դեր է խաղում ֆինանսավորման հարցում:
Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար վարկեր ստանալու գործընթացը չափազանց բարդացված է, այդ սեկտորը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 10 տոկոսը: Համաշխարհային բանկի հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին Ադրբեջանում ՓՄՁ-ների 51 տոկոսի համար մատչելի չէ ֆինանսավորումը՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար:
Հայտ ներկայացնելու բարդ ընթացակարգերը, վարկավորման բարձր ծախսերը և մարման կարճ ժամկետները ֆինանսական ցածր հնարավորությունների ֆոնին փոքր ու միջին բիզնեսին զրկում են ֆինանսավորման հնարավորությունից:
ՀԲ-ի հաշվետվությունում նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է մշակի ՓՄՁ-ին աջակցելու և ֆինանսավորումը մատչելի դարձնելու ռազմավարություն: