Ի՞նչ հետևանքներ կարող է բերել էլեկտրաէներգիայի թանկացումը՝ ըստ Միքայել Մելքումյանի
«Այս վերջին զարգացումները՝ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, որևէ լավ բանի չեն բերելու, շատ տխուր հետևանքներ կարող են ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյան:
Ըստ նրա՝ ոչ թե պետք է նայել, թե ինչպես են անընդհատ պարտքերը կուտակվում, այլ պետք է լուծումներ գտնել: Տնտեսագետը կարծում է՝ դրա համար ամբողջ շղթան, որը սկսվում է արտադրող կայաններից և հասնում է մինչև վերջնական սպառողը, պետք է առողջացնել: Նրա խոսքով՝ իհարկե, պետությունը դեր ունի, թե որ աղբյուրից՝ ինչքան էլեկտրաէներգիա է ձեռք բերում Հայաստանի էլեկտրական ցանցերը. «Այդ չափաքանակները պետությունն է սահմանում՝ մասնավորապես՝ ատոմային էլեկտրակայանից, հիդրոէներգետիկայից և ջերմային էլեկտրակայաններից»:
Մ. Մելքումյանը նկատեց, որ այսօր ունենք էներգետիկ ոչ օպտիմալ հաշվեկշիռ, որտեղ էլեկտրաէներգիան ամենաթանկ աղբյուրից ենք ձեռք բերում՝ շուրջ 40 %-ը, մնացած 30%-ները՝ հիդերոէներգետիկայից և ատոմակայանից: Նա նկատեց նաև, որ ամենաթանկը ջերմային էլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիան է:
«Եթե, օրինակ, ատոմակայանը Հայաստանի էլեկտրացանցերին պետք է տար 2.5 միլիարդ կիլովատտ ժամ, տալիս է 2 միլիարդը կամ 1.8-ը. այդ թերմատակարարված էլեկտրաէներգիայի համար պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ, թե՞ այդ ռիսկերը պետք է մնա Հայաստանի էլետրական ցանցերի վրա»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այսօր Հայաստանի էլեկտրական ցանցերն ունեն, ընդհանուր առմամբ, 250 միլիոն դոլարից ավելի պարտք, բայց կոնկրետ այն պարտքի չափը, որը խաթարում է նրանց բնականոն գործունեությունը, մոտ 24 միլիարդ դրամն է:
Նրա խոսքով՝ այդ պարտքն առաջացել է վերջին 3 տարում՝ 2012 թվականից սկսած: Այդ պարտքերը կուտակվում են Ատոմակայանի կանգ առնելուց, նաև պայմանավորված՝ սակավաջուր տարի լինելու և այլ հանգամանքներով. «Թերհայտարարագրման համար ռիսկը պետք է արտադրող կայանները կիսեն, որ չգնա սակագնի վրա»:
Հարցին՝ Ատոմակայանն ինչո՞ւ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Ատոմակայանն ամեն տարի կանգնում է պլանային սպասարկման, իսկ վերջին տարիներին, օրինակ՝ անցյալ տարի, այն 88 օր կանգնեց: Օրինակ, 2017 թվականին՝ կախված ատոմակայանի ռեսուրսի ավելացումից՝ 6 ամիս կանգնելու է, ի՞նչ ենք անելու: Այսինքն՝ մենք ջերմաէլեկտրակայանների թանկ էլեկտրաէներգիան ենք առնելու, և պատահական չէ, որ մեզանում լուրջ քայլեր դեռ վաղուց պետք է արվեին, որպեսզի, այսպես կոչված, համակցված շոգեգազային ցիկլով ջերմային կայանները զարգացնեինք»:
Մ. Մելքումյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում՝ մարդիկ կաղքատանան, բոլոր հիմնական ապրանքատեսակները, որոնց ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի կշիռը միջին և միջինից բարձր է, կթանկանան. «Դա շղթայական ռեակցիա է, էլեկտրաէներգիայի սպառման ծավալն էլ կիջնի, այսինքն՝ մարդկանց կենսամակարդակը կվատանա: Սրանք խնդիրներ են, որոնք շատ վատ հետևանքներ կարող են ունենալ: Մարդն ավելի է հիասթափվում այս վիճակից»: