Քաղաքացիական լայն ընդվզման համար բոլոր նախադրյալները կան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բոլոր նախադրյալները կան, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումը հանգեցնի քաղաքացիական լայն ընդվզման: Սոցիալական ցանցերում մի փոքրիկ հայտարարություն էր տեղադրվել, ըստ որի՝ Ազատության հրապարակում անց է կացվելու հանրային քննարկում: Խոսքն, իհարկե, մասնագիտական քննարկման մասին չէ։ Սա ավելի շատ բողոքի ակցիա էր: Երեկ երեկոյան այդ «քննարկումը» տեղի ունեցավ եւ այն սպասվածից ավելի շատ մասնակիցներ ունեցավ: Մի քանի տասնյակ քաղաքացիներ «քննարկումներ» անելուց հետո «Ոչ թալանին» կարգախոսով երթ սկսեցին Երեւանի կենտրոնական փողոցներով:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարժումը պաշտոնապես մեկնարկեց: Հաշվի առնելով այն հանգամանքը. որ էլէներգիայի թանկացումը հարվածելու է բոլորի գրպանին եւ այդ հարվածը բավականին ուժգին է լինելու՝ պետք է սպասել, որ օրըստօրե շարժումը թափ է հավաքելու:
Երեկվա ակցիան, չնայած ուներ համեմատաբար քիչ մասնակիցներ սակայն հնարավոր չէ ասել, թե ով է այն կազմակերպել: Սկիզբ առնող այս շարժումը ուղեվարձի թանկացման դեմ երկու տարի առաջ սկսված գործընթացի հետ մի շատ կարեւոր ընդհանրություն էլ ունի։ Թե այն ժամանակ եւ թե՜ հիմա գները բարձրացնելու համոզիչ հիմնավորումներ այդպես էլ չհնչեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս