Զինվորը կարո՞ղ է ճակատից ինքնասպան լինել. ինչ է պատմում զորամասի հրամանատարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Հարություն Համբարյանի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանն ասաց, որ միայն դրական բաներ է լսել զինվորի մասին եւ առայժմ չի ցանկանում գնահատական տալ կատարվածին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հայրը՝ Հրայր Համբարյանը, վստահեցրել էր, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել: Ըստ հոր` կատարվածը կա՛մ սպանություն կարող է լինել, կա՛մ պատահականություն: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց մահացած զինվորի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանի հետ: Ըստ նրա՝ ինքը անձամբ չի ճանաչել Հարությունին, սակայն այս ընթացքում միայն դրական բաներ է լսել զինվորից. «Ես նոր եմ նշանակվել այս զորամասի հրամանատար, անձամբ չեմ ճանաչել զինվորին: Միայն կարող եմ ասել, որ իրավապահներն աշխատում են, կքննեն, ու բոլորին էլ պարզ կլինի, թե ինչ է եղել, ու դուք էլ կիմանաք»:
Հարցին, թե արդյոք հավանական է համարում այն, որ զինվորը կարող է ճակատից ինքնասպան լինել, հրամանատարը պատասխանեց. «Ես ամեն ինչին կարող եմ հավատալ կամ չհավատալ, դա ինչ կփոխի: Ես չեմ որոշողը, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։