Ի՞նչ խնդիր է լուծելու «Նաիրիտ»-ի նոր փոխտօրենը
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «Նաիրիտում» փոխտնօրենի «ազատ հաստիք է եղել և այդ պատճառով է նոր փոխտնօրեն նշանակվել»:
Նա նաև նշել է, թե ընկերության խորհուրդն է որոշել փոխտնօրեն ընդունել: Սակայն, ինչպես արդեն գրել էինք, 168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Պարգև Պետրոսյանի նշանակման մասին որոշումը կայացվել է նախարարությունում: Գուցե որոշումը ձևակերպվել է «Նաիրիտի» խորհրդի անունից, քանի որ իրավական առումով ո´չ նախարարությունը, ո´չ էլ գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը իրավասու չեն նման նշանակում անելու:
Ռ.Սաղաթելյանն ինքը ժամանակավոր պաշտոնակատար է և առանց բաժնետիրոջ չի կարող նշանակվել տնօրենի պաշտոնում, հետևաբար՝ չի կարող իր համար տեղակալ նշանակել: Այնուամենայնիվ, մեր աղբյուրները պնդում են, որ Պետրոսյանի նշանակման հարցը որոշել է անձամբ Երվանդ Զախարյանը: Պարգև Պետրոսյանը նախկինում աշխատել է գազի համակարգում, «Հայգազշին» ընկերությունում:
Երվանդ Զախարյանը 1983-1992թթ. եղել է «Հայգազշինի» կառավարիչը, 1997-1998թթ. «Հայտրանսգազի» գլխավոր տնօրենն էր: Այսինքն՝ վաղուցվա գործընկերներ են: Իսկ ինչո՞ւ է Զախարյանը որոշել այս նեղ պահին «Նաիրիտ» ուղարկել մի մարդու, ով առնչություն չի ունեցել քիմիական արտադրության հետ, երբևէ չի աշխատել գործարանում: Ասուլիսում Ե.Զախարյանն առաջին անգամ բարձրաձայնել է, թեև հղում անելով ՀԲ աուդիտին, որ երբեմնի քիմիական հսկայի վերագործարկումը նպատակահարմար չէ:
Այսօր պաշտոնյաների առաջին հոգսը «Նաիրիտի» գույքի օտարումն է: Եվ, ըստ ամենայնի, հենց այս խնդրի լուծման համար է Պ. Պետրոսյանը գործուղվել գործարան: Հիշեցնենք, նախկինում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր իր եղբորը՝ Աշոտ Սարգսյանին գործուղել «Նաիրիտ»՝ կրկին որպես փոխտնօրեն: Եվ գործարանում իրադրության լարումից առաջ Աշոտ Սարգսյանը հրաժարական տվեց ու լքեց «խորտակվող նավը»: