Ստանդարտ որոշում. Ինեսա Պետրոսյանը՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի որոշման մասին

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Շանթ Հարությունյանի և մյուսների պաշտպանների բողոքները:

Ամբաստանյալներ Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը Վճռաբեկ դատարանին խնդրել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Ինեսա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը դեռ չի ստացել, դրան ծանոթացել է Datalex դատական տեղեկատվական համակարգի միջոցով: Փաստաբանը նշեց, որ դատարանի կողմից ստանդարտ որոշում է կայացվել՝ ստանդարտ ձևակերպումներով: Նա հայտնեց նաև, որ ՄԻԵԴ-ում գործը վիճարկելու հարցը դեռ պետք է քննարկի իր պաշտպանյալների հետ:

Իր բողոքում փաստաբանը նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը` առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։

Կարդացեք նաև

Նա նշել էր, որ Շանթ Հարությունյանի և մյուսների արարքներում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, գործին մասնակցող անձանց ցուցմունքներից և այլ ապացույցներից հստակ երևում է, որ ամբաստանյալների նպատակը եղել է միայն խաղաղ հանրահավաք անցկացնելը:

«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ Հետևաբար՝ բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը (առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա) հիմնավորված չէ»,- իր որոշման մեջ նշել է Վճռաբեկ դատարանը։

Ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սևակ Մնացականյանի պաշտպան Ա.Պողոսյանը խնդրել էր ճանաչել և հռչակել իր պաշտպանյալների անմեղությունը:

Նա իր բողոքում նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել առանց իրացնելու նպատակի ապօրինի զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեղադրանքում: Փաստաբանը նշել էր, որ քրեական գործում առկա «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գրության համաձայն՝ «պենտոբարբիտալ» տեսակի որևէ դեղ 1993թ. մինչ օրս ՀՀ չի ներմուծվել, իսկ տվյալ նյութի պահպանման ժամկետն արտադրության օրվանից 3 տարի է։ Այսինքն` եթե նույնիսկ հայտնաբերված «պենտոբարբիտալ» տեսակի նյութն արտադրվել և ներմուծվել է ՀՀ 1993թ., ապա դրա պահպանման եռամյա ժամկետը լրացել է 1996 թվականին (շուրջ 18 տարի առաջ)։ Այսինքն` տվյալ նյութը կորցրել է իր որակական` հոգեներգործուն հատկությունները` ժամկետանց լինելու պատճառով, հետևաբար՝ այն չի բավարարում հոգեմետ նյութերին ներկայացվող բժշկական չափանիշին և չի հանդիսանում հոգեմետ նյութ։

«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Մասնավորապես, բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Հետևաբար՝ բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար) հիմնավորված չէ»,- որոշման մեջ նշել է Վճռաբեկ դատարանը:

Ամբաստանյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Հ. Քոչարյանը խնդրել էր իր պաշտպանյալների մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և փոփոխել, ճանաչել և հռչակել նրանց անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։  Մասնավորապես, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում խուլիգանության որակյալ հատկանիշների վերաբերյալ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի` մեկ այլ որոշման մեջ տրված մեկնաբանությանը։

«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ Հետևաբար՝ բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա) հիմնավորված չեն»,- նշել է Վճռաբեկ դատարանը։

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով։
Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։

Պաշտպանը նշել է, որ, թեև դատարանում հետազոտված տեսանյութով հաստատվել է Ոստիկանության աշխատողների գործողությունների՝ օրենքին չհամապատասխանելը, այնուհանդերձ, ստորադաս դատարանը դա անտեսել է և մեղադրանքի փաստական կողմը համարել ապացուցված` հիմնվելով բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա` հաշվի չառնելով պաշտպանական կողմի այն պնդումը, որ, ըստ Եվրոպական դատարանի` միայն ոստիկանների ցուցմունքները չեն կարող համարվել թույլատրելի ապացույց, ուստի և դրվել որոշակի հանգամանքների հիմքում, եթե դրանք չեն հաստատվում այլ օբյեկտիվ ապացույցներով։

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Շանթ Հարությունյանի և նրա գործընկերների գործողություններում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտը և սուբյեկտիվ կողմը, քանի որ խաղաղ հավաքի, երթի ընթացքում Ոստիկանության հետ տեղի ունեցող միջադեպերը, բախումները չեն կարող որակվել՝ որպես խուլիգանություն, իսկ Ոստիկանությունը, տվյալ պարագայում, չի կարող համարվել խուլիգանության օբյեկտ, այսինքն` հասարակություն։ Բացի այդ, հավաքի կամ երթի մասնակցի յուրաքանչյուր գործողություն, որն անմիջականորեն ուղղված է խաղաղ հավաք կամ երթ անցկացնելու իր իրավունքի իրականացմանը, ոչ մի դեպքում չի կարող համարվել խուլիգանական, քանի որ մասնակցի գործողություններն ուղղված չեն հասարակության դեմ, անձի գործողություններում բացակայում են խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությունը, ինչպես նաև՝ խուլիգանական մղումները։

«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Հետևաբար՝ բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար) հիմնավորված չէ»,- իր որոշման մեջ նշել է Վճռաբեկ դատարանը։

Ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և Ալեք Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` նրա նկատմամբ կայացնելով արդարացման դատավճիռ։
Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։

Նա նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, այն օրինական և հիմնավորված չէ։

«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։  Հետևաբար՝ բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա) հիմնավորված չեն»,- նշել է Վճռաբեկ դատարանը։

 

Տեսանյութեր

Լրահոս