Բաժիններ՝

Ինչո՞ւ է տրակտորը մաքսակետում բաժանվում դետալների և հատվածական մաքսազերծվում

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում «հյուրընկալվել» էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք քննարկումների շարք են նախաձեռնել կառավարության անդամների և մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ՝ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա՝ քանի որ կառավարության հետ հարցուպատասխանները վերածվել են տարօրինակ արարողության, որտեղ ժամանակի մեծ մասը խլում են գրավոր հարցերը և, չգիտես ինչու, նույնիսկ ամենապարզունակ հարցերը, որոնք ընկալելու համար մեծ ջանքեր պետք չեն, պատգամավորները հարկ են համարում հնչեցնել, այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ դրանով խոչընդոտում են, որպեսզի մյուս պատգամավորները չկարողանան լրջագույն հարցեր հնչեցնել, դրա համար հանդիպումների շարք են սկսում:

 

Ն.Զոհրաբյանը նշեց, որ Ս. Կարապետյանի հետ քննարկել են գյուղացիական վարկերի սուբսիդավորման հարցը, սննդի անվտանգության լրջագույն խնդիրը, հակակարկտային կայանների, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դիզվառելիքի, կաթի գնի և շաղկապված այլ խնդիրներ: Նրա խոսքով՝ կաթի գինը սեզոնի հետ կապված տատանվում է, իսկ քանի որ Ուկրաինայից ներկրվում է շատ էժան կաթի փոշի, տեղական կաթ արտադրողները չեն կարողանում դիմանալ մրցակցությանը: ԲՀԿ-ականներն առաջարկել են ստեղծել կաթ արտադրողների ընկերակցություն, որը կկարողանա զբաղվել գնային քաղաքականությամբ:

Ըստ Ն.Զոհրաբյանի՝ քնարկվել է նաև գյուղմթերքի մթերման խնդիրը, որ բազմաթիվ կազմակերպություններ հայտարարել են, որ նախկին ծավալներով չեն կարողանալու մթերել խաղող, ծիրան, լոլիկ և այլն. «Սա լրջագույն խնդիր է: Երբ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեցին, մեր շատ տնտեսագետներ կանխատեսումներ էին անում, որ սա Հայաստանի համար շահեկան դաշտ է, կարողանանք մեր գյուղատնտեսական ապրանքները արտահանել Ռուսաստան, բայց իրականությունը քիչ այլ է: Քննարկեցինք մեխանիզմները, թե ինչպես անել այդ հնարավորությունն օգտագործել»:

Կարդացեք նաև

 

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախարարը հարցերի մի մասին պատասխանել է, մյուս մասն էլ, որ նրա վերահսկողության տակ չեն, կուղղեն վարչապետին:

 

Ի դեպ, Ն.Զոհրաբյանը նշեց, որ հարց է բարձրացվել նաև թե ինչո՞ւ է ներկրվող գյուղատնտեսական տեխնիկան, օրինակ՝ տրակտորը, մաքսակետում բաժանվում դետալների և հատվածական մաքսազերծվում: Սակայն, Ն.Զոհրաբյանը հավելեց , այդ հարցի հասցեատերը գյուղնախարարը չէ, այն կուղղեն ՀՀ ֆինանսների նախարարին, ում նույնպես հրավիրելու են խմբակցություն հանդիպման:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս