Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակրի այցը Հայաստան

Ֆիզիկայի բնագավառում 2011թ․ Նոբելյան մրցանակակիր, ավստրալացի աստղագետ Բրայան Շմիդտը դարձել է Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ։ Համաձայն կանոնակարգի, այդ հանձնաժողովը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ փոխում է իր կազմի մեկ երրորդը։

Պրոֆեսոր Բրայան Շմիդտը վաստակավոր պրոֆեսոր է, Ավստրալիական հետազոտական խորհրդի դափնեկիր: Աշխատում է Ավստրալիայի ազգային համալսարանի Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում և Աստղագիտության ու աստղաֆիզիկայի հետազոտական դպրոցում: 2012թ. ընտրվել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընկերության անդամ: Նա հայտնի է իր հետազոտություններով, որտեղ Գերնորերը օգտագործվել են որպես տիեզերաբանական փորձանմուշ և արդյունքում ճշտվել է Տիեզերքի ընդարձակման օրինաչափությունը ժամանակակից փուլում: Այդ աշխատանքներից պարզվեց, որ Տիեզերքն ընդարձակվում է արագացումով, որի պատճառը կարող է լինել մութ էներգիան: Սոլ Պերլմուտերի և Ադամ Ռիսի հետ միասին, Շմիդտն արժանացել է 2006թ. Շոուի աստղագիտության մրցանակի, իսկ 2011թ.` ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի:

gitnakan (2)Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ այս փաստը կնպաստի հայկական գիտության հեղինակության բարձրացմանը: ՀՀ ԳԱԱ նախագահի խոսքով` սա բացառիկ երևույթ է և վկայում է հայ գիտության միջազգային կարևորության մասին։

Հանձնաժողովի գիտական քարտուղար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը նշեց, որ միջազգային հանձնաժողովը երկու տարին մեկ անգամ այցելում է Հայաստան, և, մեծ հավանականությամբ, 2016թ. Բրայան Շմիդտը կայցելի մեր երկիր։ Ա. Միքայելյանը նաև հավելեց, որ մեկ այլ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ամերիկացի աստղագետ Ջոն Մաթերը, 2004թ․ մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության տարեկան համաժողովին։

Կարդացեք նաև

gitnakan (3)

Հիշեցնենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին՝ ՀՀ նախագահի կողմից։ Այն տրվում է սկսած 2010թ․, երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից բնագավառներում խոշոր ներդրում ունեցած գիտնականներին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար, որի հետ հաղթողներին հանձնվում է հավաստագիր և մեդալ։ Առաջադրված աշխատանքները միջազգային անկախ փորձաքննություն են անցնում, իսկ առաջադրված գիտնականներից հաղթողների ընտրությունը կատարում է միջազգային հանձնաժողովը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս