Ամուսնուն ծեծելու համար վրեժխնդիր լինելու նպատակով կինը հայտնել է, թե տղամարդը փորձել է բռնաբարել իրեն
Վերաքննիչ դատարանը մերժել է սուտ մատնության գործով մեղադրողի բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ, դատարանը վճռել էր նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ դատարան բողոք է բերել մեղադրողը՝ գտնելով, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ ընդհանուր իրավասության դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները: Մեղադրողը վերաքննիչ դատարանին միջնորդել է ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` առանց պատիժը պայմանականորեն կիրառելու:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գյուղերից մեկի բնակչի կողմից ամուսնուն ծեծի ենթարկելու համար, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, Ոստիկանությունում հանցագործության մասին գրավոր հաղորդում է տվել , թե իբրև գյուղերից մեկի բնակիչը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, բնակարանի բակից իրեն քաշելով տարել է փողոց, հրել և գցել է գետնին ու փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ կինն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ ինքը տղամարդու կողմից ամուսնուն ծեծի ենթարկելու հանգամանքից վիրավորված, նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով իր բջջային հեռախոսով զանգահարել է «1-02» և հայտնել, որ տղամարդն այցելել է իր ամուսնու բնակարան, վիճաբանել է ամուսնու հետ, և ծեծի ենթարկել նրան, որից հետո իրեն քարշ տալով տարել է փողոց, հրելով գցել գետնին և փորձել իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Այդ բոլոր գործողություններն ինքը կատարել է գիտակցելով: Հետո Ոստիկանության բաժնում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նույն հանգամանքի վերաբերյալ տվել է իրականությանը չհամապատասխանող սուտ հաղորդում:
Ընդհանուր իրավասության դատարանը որպես ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նախկինում դատված չի եղել, զղջացել է կատարված արարքի համար, իսկ ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:
Վերաքննիչ դատարանը, ստուգելով գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, լսելով մեղադրողի հիմնավորումները բողոքի կապակցությամբ, ամբաստանյալի պատասխանը դրանց դեմ, ներկայացված բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում վերլուծելով քրեական գործի նյութերը, հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը պետք է մերժել: