
ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է «Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առաջիկա 100 տարում» օրինագիծը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի ու նախագահ Բարաք Օբամայի դիտարկմանն է ներկայացվել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առաջիկա 100 տարում, տվյալ ուղղությամբ երկու երկրների ընդհանուր շահերի վրա հենված արդար, կառուցողական, կայուն և մշտական առաջընթացի հասնելու կոչ անող» օրինագիծը:
Թիվ H.RES.226 օրինագիծը երեկ ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովին: Դրա հեղինակը Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Փիթ Սեշնսն է: Օրինագծում նշված է, որ Օբամայի վարչակարգը 2009 թվականից Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման փնտրտուքի մեջ է:
Ընդգծվել է, որ ակնկալվում էր, որ 2009 թվականին Օբամայի գործադրած ջանքերով մոտ ժամանակներում արդյունքներ կտար երկու երկրների միջև երկխոսությունը և կվերականգնվեին դիվանագիտական հարաբերությունները, սակայն դա տեղի չունեցավ:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ առաջին անգամ է ներկայացվում հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վրա կենտրոնացած օրինագիծ: