
Հռոմի պապը կոչ է արել վերացնել տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերացնել տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը.
«Ինչո՞ւ են նորմալ ընդունում, որ կանայք վաստակում են տղամարդկանցից ավելի քիչ: Ո՛չ, նրանք ունեն նույնպիսի իրավունքներ: Աշխատավարձի հարցում նման տարբերության առկայությունն իսկական սկանդալ է: Քրիստոնյաները պետք է պահպանեն միանման աշխատանք կատարելիս հավասար աշխատավարձի իրավունքը»:
Ֆրանցիսկոսը հավելել է, որ կցանկանար, որ կանայք ավելի նշանակալից դեր խաղային կաթոլիկ եկեղեցու կյանքում: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է, որ նրանք չեն կարող լինել հոգևորականներ: