Բաժիններ՝

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նախաձեռնած գործընթացը

Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունն այսօր դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով  վերադարձնել Սիսի իր պատմական Կաթողիկոսարանը: Կաթողիկոսության պաշտոնական կայքը հիշեցնում է, որ քաղաքական պայմանների հետևանքով  Կիլիկիայի զանազան շրջաններում հաստատվելուց հետո Կաթողիկոսությունը  1295-ին հաստատվել է Կիլիկիո թագավորության Սիս մայրաքաղաքում:

«1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օր ժամանակ տվեց կաթողիկոս  Սահակ Բ-ին՝ Կաթողիկոսարանից  վերջնականապես հեռանալու համար: Սահակ Բ կաթողիկոսը բռնեց գաղթի ճամփան՝ իր հետ վերցնելով  «կրոնական ու մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, ներառյալ՝ մյուռոնի կաթսան): Այնուհետև կաթողիկոսը  հաջորդաբար հաստատվեց Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ից արդեն՝ Անթիլիասում»: Կաթողիկոսությունը նաև  նշում է. «Հայոց  ցեղասպանության 100-ամյակի առթիվ ու մեր ազգային պահանջատիրությանը ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամներում հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս շրջագծից ներս՝ Սիսի Կաթողիկոսարանի և ապա՝ ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարող է կարևոր քայլ  դառնալ՝ մեր ժողովրդի կալվածքների վերադարձի և բռնաբարված իրավունքների վերականգնման առաջնայնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, 2011թ. Թուրքիայի կառավարությունը որոշում էր ընդունել վերադարձնել ազգային հիմնադրամներից բռնագրավված ամբողջ ունեցվածքը և, երկրի պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն` ազգային փոքրամասնությունները հնարավորություն էին ստացել հետ պահանջելու 1936 թվականին հայտարարագրված իրենց ունեցվածքը. անշարժ գույքը, հիմնադրամները, դպրոցների, հիվանդանոցների շենքերը: Իսկ երրորդ կողմին անցած, վաճառված ունեցվածքը ևս  փոխհատուցման ենթակա է դիտարկվել: Որոշ փոքրամասնություններ արդեն իսկ սկսել էին օգտվել այս որոշումից և դրական արդյունքներ էին արձանագրել:

168.am-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն անդրադարձավ այն հարցին, թե որքանով է իրատեսական դրական արդյունքներ ակնկալել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի նախաձեռնած գործընթացից: Գոչունյանը համոզմունք հայտնեց, որ  կոնյունկտուրային հայտարարությունների  հետևանքով լարվածության մակարդակը Հայաստանի նկատմամբ Թուրքիայում մինչև առաջիկա ընտրությունները կշարունակվի, բայց մյուս կողմից՝  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանն իրավական, դատական գործընթաց է նախաձեռնել, որն այդ հանգամանքների հետ կապ չունի:

«Իհարկե, կլինի քաղաքական դիրքորոշման ազդեցություն: Բայց Թուրքիայում վերջին տարիներին բավականին հետաքրքրական գործընթացներ են ծավալվել փոքրամասնությունների առնչությամբ, այդ գործընթացները  խորացել են, գործընթացները մասնավորապես վերաբերում են ունեցվածքի վերադարձին: Տեսնենք, թե ինչ կլինի: Մոտավորապես անցյալ տարվա  սեպտեմբերի վերջին Արամ Ա կաթողիկոսը Երևանում հայտարարեց նման հայց ներկայացնելու մասին, վեց-յոթ ամիս ժամանակ է անցել, հիմա դիմումը պաշտոնապես ներկայացվել է, տեսնենք՝ գործընթացների շարունակությունն ինչ ընթացք կունենա: Ես, որպես  ընթացակարգ, չեմ  պատկերացնում, թե այդ պահանջը որ դատարան պետք էր ուղարկել, նրբություններին  չեմ տիրապետում: Ներկայում Թուրքիայում  փոքրամասնությունների ունեցած պատմական ունեցվածքի վերադարձի առնչությամբ դրական տեղաշարժեր կան: Այնտեղ նրբություն կա, որովհետև այդ վերադարձման գործընթացն ընդհանրապես  Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների պարագայում է տեղի ունենում, այն հաստատությունների դեպքում, որոնք գործում են Թուրքիայի Հանրապետության տարածքում, Թուրքիայի օրենսդրության համաձայն: Ճիշտ է, որ Սիսի Կաթողիկոսությունն ընկած է այս տարածքում, բայց այն  այսօրվա  դրությամբ թուրքական օրենսդրության ենթակայության ներքո չի գործում, կան նրբություններ: Պատասխանատուները, կարծում եմ, որ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններն ունեն,  Արամ Ա կաթողիկոսն ասում էր, որ իրավաբանների հետ են աշխատել, նախապատրաստական փուլեր են անցել,  այսինքն` պատրաստ են նման հարցերի, պարզ է, որ կա նաև լարվածության բարձր մակարդակ: Կանխատեսելը բարդ է, թե ինչպիսի արձագանք կլինի թուրքական իշխանությունների կողմից»,- մեկնաբանեց Արա Գոչունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս