Լավ տնօրենը դպրոցի հաջողության երաշխիքն է. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում:

«Դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված է նախ տնօրենից. լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, լավ տնօրենն իր հետ բերում է լավ ուսուցիչներ, նա կարգապահություն և օրինականություն է սերմանում, լավ տնօրենին հարգում, միաժամանակ սիրում են աշակերտները և այլն:

Առանց լավ տնօրեն` չկա լավ դպրոց: Հուսով եմ, որ դուք այդպիսի տնօրեններ կլինեք»,-դիմելով հավակնորդներին` նշել է նախարարը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականին Ազգային ժողովը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ ի թիվս այլ դրույթների` ամրագրվել է տնօրենների հավակնորդների վերապատրաստման և քննությունների գործընթացը: «Սա, փաստացի, քննությունների երկրորդ փուլն է. հավաստագիրն ուժի մեջ է 5 տարի, և արդեն ունենք մասնակիցներ, ովքեր մեկ անգամ հաջողությամբ հանձնել են քննությունը, աշխատել տնօրեն:

Ներկայումս լրացել է ժամանակը, և նրանք նորից են մասնակցում: Այսինքն` մեխանիզմը վերարտադրվում է, ուստի մենք կայուն ինստիտուցիոնալ գործընթաց ենք նախաձեռնել: Տնօրեն աշխատելու համար հարկավոր է տիրապետել ոչ միայն տարիների փորձին, այլ ունենալ հստակ գիտելիքներ` իրավական, մանկավարժության և այլ ոլորտներում: Տնօրենը պետք է ունենա գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակ, ինչպես նաև սեր առ իր մասնագիտություն, մարդկային բարոյահոգեբանական նկարագրին բնորոշ գծեր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ քննական հանձնաժողովներում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր օղակներից` ԱԺ, ԿԳՆ, ԿԱԻ և վերապատրաստող կազմակերպություններից: «Այս հինգ տարիներին մենք չենք ստացել որևէ իրական լուրջ բողոք, որ հաստատված լինի: Մենք կարիք ունենք, իհարկե, փոխել կրթական բովանդակությունը, որի համար դեռևս չկա հնարավորություն: Այն է` ստուգել հավակնորդների համակարգչային գրագիտության մակարդակը: Ներկայիս դարաշրջանում դա շատ կարևոր է, որովհետև այսօր կրթական տեխնոլոգիաները զարգանում են այդ ուղղությամբ, որն անհրաժեշտ է տնօրենների և ուսուցիչների մասնագիտական աճի համար»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ hանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ գործընթացը սկսվել է 2011թ. և համաձայն կարգի` անցկացվել է տարին երկու անգամ: 2011-2014թթ. ընկած ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունների համար կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է 2286 հավակնորդ, քննությանը մասնակցել` 2673, որից 2039-ին շնորհվել է հավաստագիր, 554-ը չեն հաղթահարել, իսկ 80-ը չեն մասնակցել: 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվող քննությունների համար վերապատրաստվել է 229 հավակնորդ, քննությանը մասնակցելու համար դիմել 237-ը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս