
Պուտինը տեղյակ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքերի հանդեպ Էրդողանի արձագանքի մասին. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր արած հայտարարության նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արձագանքի մասին:
Պեսկովը մանրամասնել է, որ այդ մասին Պուտինին զեկուցել են օրակարգային այլ տեղեկատվության հետ միասին: Պեսկովը հույս է հայտնել, որ դա չի ազդի երկու երկրների միջև գործընկերության զարգացման վրա. «Անկասկած է, որ մեր համագոծակցության հետագա բազմակողմ զարգացումն առաջնահերթ է մեզ համար:
Մեծապես հուսով ենք, որ հարաբերությունները կզարգանան նույնպիսի հետևողականությամբ, ինչպես որ եղել է ցայժմ»: Պեսկովի խոսքերով՝ Մոսկվան ու Անկարան իրականացնում են բազմաթիվ համատեղ նախագծեր, ինչի համար էլ զբաղվելու շատ բան կա: