Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է խոչընդոտել Թուրքիային միանալ ԵՏՄ-ին. Տարասով

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին միայնակ մնալով` Թուրքիան չի կարողանա երկար դիմագրավել միջազգային ճնշումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության Արևելյան խմբագրության ղեկավար, սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Թուրքիայի ԵՏՄ անդամակցության հնարավորությանը հայ-թուրքական սահմանների փակ լինելու պայմաններում:

Ռուս վերլուծաբանն ասաց, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային միանալ ԵՏՄ-ին, ինչի մասին խոսում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բայց նա չի կարծում, թե Հայաստանը կցանկանա:

«Կդիտարկվի Թուրքիա-ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների հարցը: Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը երկու տարի մենք ունենալու ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում: Ամեն ինչ գնում է դրան: Այն բանից հետո, երբ Թուրքիան միայնակ մնաց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիան չի կարողանա դիմագրավել ճնշումների նման ռեժիմի, ուստի փորձելու է Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրել: Կա, իհարկե, ադրբեջանական գործոնը, բայց ես գտնում եմ,որ դրական հանգուցալուծման են գալու կողմերը»,- ասաց վերլուծաբանը: Վերջինիս համոզմամբ` հայ-թուրքական սահմանն այլևս լոկալ սահման չէ, այլ ԵՏՄ-Թուրքիա սահման և ՌԴ-ն հետարքրքված է ԵՏՄ անդամ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս