Վաղվանից Խաչիկ Ավետիսյանը իր հացադուլը շարունակելու է Ազատության հրապարակում
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը՝ ի պաշատպանություն 17 քաղբանտարկյալների, դեռևս միայնակ շարունակում էր իր՝ ապրիլի 20-ից սկսած հացադուլը:
Ազատամարտիկը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վաղվանից ինքը հացադուլը շարունակելու է Ազատության հրապարակում և հնարավոր է, որ արդեն միայնակ չլինի: Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում շատ ազատամարտիկներ են եկել իրեն տեսակցության կամ հեռախոսով զրուցել իր հետ ու շատ հավանական է, որը վաղը նրանք ևս միանան Խաչիկ Ավետիսյանին:
«Մենք յուրաքանչյուր օր յուրաքանչյուր ժամ քննարկում ենք՝ ինչպես է հարմար, որ պայքարը շարունակենք, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այն վայրը չէ, որ մենք հավաքվենք 40-50 հոգով՝ ինչ-որ ակցիա կատարենք: Մենք շատ հետևողական ենք լինելու և մեր պայքարը տանելու ենք մինչև վերջ: Վաղն արդեն մենք կլինենք Ազատության հրապարակում»,- հայտարարեց Խ. Ավետիսյանը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ վաղը միայնակ չե՞ք լինելու, Խ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հայտարարել են, որ պատրաստվում են իրենց մարատավարությունը փոխել, քանի որ իրենց ակնկալած՝ մարդկանց մոբիլիզացիան դեռևս չի լինում: Ազատամարտիկից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իր պլաններում էլ ինչ-որ բաներ փոխվեն, այսինքն՝ պայքարի ձևը փոխվի: Ի պատասխան՝ նա ասաց, որ կարծում է՝ դեռևս մոտ ապագայում ոչինչ չի փոխվելու:
Խ. Ավետիսյանը նաև կոչ արեց լրագրողներին հարցեր ունենալու դեպքում ամեն օր ժամը 15:00-ին գնալ Ազատության հրապարակ, քանի որ առավոտից տարբեր ժամերի լրագրողներ են գալիս և հարցեր տալիս նրան, ինչից ազատամարտիկը հոգնում է:
Ազատամարտիկը նաև տեղեկացրեց, որ վաղն Ազատության հրապարակում կլինի վաղ առավոտից:
Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում: