Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է 1915 թվականին հայերի «զանգվածային սպանությունները» դատապարտող բանաձև
Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի խորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որը դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները դատապարտող բանաձև:
Բանաձևում չի կիրառվել «ցեղասպանություն» եզրույթը: Բուլղարիայի խորհրդարանում անցկացված քվեարկությանը մասնակցել է 193 պատգամավոր, որոնցից 157-ը կողմ են արտահայտվել բանաձևի ընդունմանը, իսկ 36-ը՝ դեմ:
Sofia Globe-ը հաղորդել է, որ բանաձևը տվյալ ժամանակվա իրադարձությունները հայտարարել է որպես «զանգվածային սպանություններ»: Բանաձևի նախագիծը առաջ է քաշել ծայրահեղ աջ «Ատակա» կուսակցությունը, որի ներկայացրած տարբերակում խոսք է գնացել ցեղասպանության մասին:
Այդ կապակցությամբ խորհրդարանում բուռն քննարկումներ են ծավալվել և արդյունքում որոշվել է ընդունել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի առաջարկը, ով առաջարկել է բանաձևի տեքստում «ցեղասպանություն» բառը փոխարինել «զանգվածային սպանություններ» արտահայտությամբ:
Խորհրդարանական քննարկումների ժամանակ «Ատական» վստահեցրել է, որ մյուս կուսակցությունները տուրք են տվել թուրքական դեսպանատան ու Բուլղարիայի թուրքական համայանքի թելադրանքին: