Բունդեսթագում ներկայացված քաղաքական բոլոր կուսակցությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունները Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանությունները ճանաչել են որպես ցեղասպանություն:

ՔԴԴ/ՔՍԴ դաշինքը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բունդեսթագի այսօրվա նիստում ներկայացրել են բանաձևի նախագիծ, որը Գերմանիայի խորհրդարանին առաջարկում է առաջին անգամ աղետալի այդ իրադարձությունները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում մասնավորապես նշված է, որ 1915 թվականի ապրիլին Օսմանյան կայսրությունում մեկնարկել է ավելի քան մեկ միլիոն էթնիկ հայերի ծրագրված վտարումն ու ոչնչացումը. «Նրանց ճակատագիրը ծառայում է զանգվածային հաշվեհարդարի, էթնիկ մաքրումների, աքսորի ու անգամ ցեղասպանության ակնառու պատմական օրինակ, որոնցով սարսափելիորեն աչքի է ընկել 20-րդ դարը»:

Փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովների դիտարկմանը: Հետագայում այն պետք է ընդունվի Բունդեսթագի նիստերից մեկի ժամանակ:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը քննարկվելու է կառավարության ու խորհրդարանական խմբակցությունների միջև.

«Այսօր Բունդեսթագում բանավեճեր են անցկացվել տվյալ թեմային առնչվող փաստաթղթի շուրջ: Այդ տեքստը քննարկվելուէ կառավարության ու խմբակցությունների միջև»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բուդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես ցեղասպանություն և Թուրքիային կոչ է արել պատասխանատվություն ստանձնել այդ իրադարձության համար:

Տեսանյութեր

Լրահոս