
ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
Դրանում ՌԴ Պետդուման խորը կարեկցանք է հայտնել եղբայրական Հայաստանին, ինչպես նաև մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա աղետալի դեպքերի ժամանակ:
ՌԴ Պետդուման կարծում է, որ պատմական բարդ հարցերն ու միջազգային վեճերն անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում նաև դիվանագիտական ջանքերով՝ հանուն մոլորակի վրա ամուր խաղաղության ու անվտանգության հաստատման:
Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիության ու իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու ստեղծարարության տիրույթ.
«Դրան հասնելուն կնպաստի այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում բազմակողմ գործունեությունը, ինչպիսիք են ԵՏՄ-ը, ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ը, որոնց նպատակը կայուն զարգացումն է, մեր ժողովուրդների բարգավաճումը և հումանիստական իդեալների հաղթանակը»: