Գալիպոլիի տոնակատարությունը կազմակերպելով՝ Թուրքիան փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցից. թուրք քաղաքագետ
Գալիպոլիի տոնակատարությունը կազմակերպելով՝ Թուրքիան փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցից: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Չենգիզ Աքթարը, ով Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:
Ըստ նրա՝ վերջին շրջանում շատ փոփոխություններ են եղել Թուրքիայում, օրինակ՝ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը դրանցից մեկն է: Նա համաձայնեց, որ եկեղեցու բացումը ավելի շատ ձևական բնույթ էր կրում ու բավարար չէ, բայց նշեց, որ դա, այնուամենայնիվ ինչ-որ բան նշանակում է:
Չ. Աքթարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունն է. «1894-ից վեր նույն քաղաքականության շարունակությունն է, Աբդուլ Համիդից ի վեր: Պարզապես, ես ինչ-որ փոփոխություններ նկատում եմ, բայց ընդհանուր մեծ քաղաքականությունը չի փոխվել: Կարևորը՝ հասարակական մակարդակով գիտակցությունն է, որը կբարձրանա այնքան, որ հույս կարելի է ունենալ, որ պետությունն էլ կճանաչի: Հասարակությունն անպայման ազդում է իշխանության վրա: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մոտ, ընդ որում՝ մահմեդական մասի մոտ, որ այդ կուսակցությանը հարում է, իրենք ընդունում են, որ նման բան եղել է, որը շատ կարևոր է: Այսինքն՝ հասարակության գիտակցության մասին է խոսքը, որը հետո կհասցնի պետական ճանաչման»: