Բաժիններ՝

Իմ Հայաստանը Պապի համար

Ներկայացնում ենք հայազգի արվեստագետ, քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին իտալական Corriere Fiorentino թերթի՝ սույն թվականի ապրիլի 14-ի հրապարակումը, որը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և հասարակական լայն շրջանակներում։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ արվեստագետը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով` արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու և հանրահռչակելու, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացնում ենք հայերեն՝ Գրիգոր Ղազարյանի թարգմանությամբ։

Հանդիպում արվեստագետ Վիգեն Ավետիսի հետ Ֆլորենցիայի Սան Նիկոլո թաղամասի իր տուն-արվեստանոցում։ «Լռությունը կոտրվեց․ ես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրելու եմ Հայոց Մայր հուշարձանը, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը»

«Լռությունը կոտրվեց: Արդեն հարյուր տարի է, ինչ հայերը սպասում էին այս պահին, և այդ նախադասություններն արտաբերելու համար անհրաժեշտ եղավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի քաջությունը»։ Վիգեն Ավետիսը, հայազգի արվեստագետ, ով արդեն քսան տարի է, ինչ Ֆլորենցիայում է, մի ողջ կյանք է սպասել, որպեսզի լսի այդ բառը, որը մեկ դար շարունակ շատերը չէին համարձակվում բարձրաձայնել պատմությանն ի հանդիման` սահմանելու 1915-16 թվականներին Օսմանյան կայսության կողմից իրագործված հայերի ջարդը` որպես ցեղասպանություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ երիտթուրքերի գլխավորած կառավարության ներքո և որի արդյունքում մեկ ու կես միլիոն զոհ եղավ: Որպես շնորհակալություն Բերգոլիոյին, ով «երեկվանից արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլև մերը», արվեստագետը ցանկանում է նրան նվիրել իր ստեղծագործություններից ամենանշանակալիցը` Հայոց մայրը – բրոնզաձույլ մի արձան, որն ինքը կերտել է անցյալ տարի՝ հիշատակելու իր ժողովրդի ցեղասպանությունը և որը Ֆլորենցիայի Մայր տաճարի հրապարակի Գթասրտության գավիթում ցուցադրվելուց հետո այժմ հյուրընկալվել է Կարվիլիա քաղաքում։

«Այն իրական պատմություն է ներկայացնում՝ մի կնոջ, որը փրկել է չորս երեխաների։ Թուրքերը կենդանի էին թողնում կանանց, սակայն սպաnում էին արական սեռի ներկայացուցիչներին, իսկ նա կարողացավ փրկել չորս արու զավակներին։ Աշխատանքն իրականացրել եմ այդ կնոջ թոռան պատվերով»։

Կարդացեք նաև

Վիգենի ընտանիքը նույնպես իր մաշկի վրա զգացել է ցեղասպանությունը։ Հորական պապը ծագումով Վանից էր, որտեղ պղնձյա իրերի ֆաբրիկա ուներ։ Նա փրկվածներից մեկն է։ Ստիպված է եղել լքել բարեկամներին ու այն ամենն, ինչ ուներ և փախչելով ապաստան գտնել Երևանում։ Ոմանք սպանվել են, մյուսներն՝ արտագաղթել Եվրոպա կամ Ամերիկա։ Միայն տարիներ անց, երբ արդեն տարիքն առել էր, հանկարծակի տեղեկացավ, որ զարմիկներից մեկը գաղթել էր Արգենտինա և հաջողեց կրկին հանդիպել նրան։ Այդ ամենի մասին, սակայն, պապը երբեք չէր պատմում։ «Ռուսներն արգելում էին խոսել ցեղասպանության մասին, յոթանասուն տարի այդպես արգելել են խոսել,- բացատրում է Վիգենը,- ստիպված ենք եղել մոռացության մատնել մեր անցյալը»։

Այժմ ինչ-որ բան փոխվել է, Քահանայապետը «լուսաբանեց պատմությունը»։ Որովհետև «պատմությունը չպետք է գրվի հաղթողների ձեռքով, պատմությունը կա այնպես, ինչպես կա»։ Քանդակագործի խոսքով՝ Ֆրանցիսկոս Պապի արածը «մեկ քայլ էր դեպի առաջ, իսկ հիմա հերթը մերն է․ մենք պետք է սատարենք նրան»։ Եվ «մենք» ասելով՝ ի նկատի ունի իր նման նկարիչներին և քանդակագործներին․ «Եկեղեցին և արվեստագետները պետք է կրկին միասնական դառնան»։

Vigen Avetis1

Vigen Avetis

Վիգեն Ավետիսը սիրում է Եկեղեցու համար ստեղծագործել․ «Աստված խոսում է հոգևորականների և արվեստագետների միջոցով, արվեստը հաղորդակցության միջոց է՝ որն օգնում է գեղեցկությամբ հաղորդակից դառնալ Աստծուն։ Արվեստը ծառայում է հավատքին, այն նման է սիրո գավազանի, որի օգնությամբ սերն ավելի հաստատուն է քայլում»։

Նրա տուն-արվեստանոցը, որը գտնվում է Սան Նիկոլոյի (Սուրբ Նիկողայոս) թաղամասի մի հին շենքում, լի է կրոնական ստեղծագործություններով՝ Սուրբ Ռոկկոյի մի նկար, հարություն առած Քրիստոսի դեռևս նոր մի նախագիծ, որն ավարտին պիտի հասցնի Ֆլորենցիայի մի եկեղեցու համար, կավե մի մանրակերտ՝ Հովհաննես Պողոս Երկրորդին նվիրված մի արձանի, որը տեղադրվելու է Հռոմի հրապարակներից մեկում։

Մի անկյունում «Նեֆերտիտին» է, որը Ֆլորենցիայի 32-րդ մրցանակաբաշխության ոսկե մրցանակակիրն է դարձել, մյուս անկյունում՝ «Ֆլորենցիան»՝ Վերածննդի քաղաքի Գլխավոր տաճարի գմբեթարդ գլխարկը գլխին։ Նրա արվեստի գործերից շատերը նվիրված են այն քաղաքին, որի մասին շատ է լսել մոր պատմածով, ով Իտալիայի, Էնրիկո Կառուզոյի երաժշտության և Սոֆի Լորենի ու Ջինա Լոլոբրիջիդայի ֆիլմերի երկրպագու էր, այն քաղաքին, ուր 1997 թվակաին արձակուրդի մեկնած՝ հասել էր իր «ճակատագրին հետևելով» և հանգրվանել Առնոյի ափերին։

«Երբ հասա Ֆլորենցիա, մի ուժ զգացի, որն ինձ ասում էր, որ այստեղ ապրեմ»։ Եվ այդպես, Հայաստանում և ապա Լեհաստանի Պոզնանի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելուց հետո ընդունվում է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիա։ Միքելանջելոյից («Նրա ոգին դեռևս քաղաքում է, ես դա զգացել եմ») սովորում է «մտածել, զննել, լինել ավելի նրբազգաց», մի խոսքով՝ լինել այն արվեստագետը, որ մանուկ հասակից ձգտել էր դառնալ։ «Սկզբում քանդակներ էի անում, իսկ Ֆլորենցիայում ինձ իսկապես քանդակագործ զգացի»։

Իր ստեղծագործությունները «ծնվում են սրտից», բայց երբ քանդակում է իր ձեռքերը կարծես «ինքնուրույն են շարժվում և վերջում նայում եմ արածիս ու միշտ զարմանում, թե արդյոք այդ ե՞ս եմ արել». Իր աշխատանքներում միշտ մի կտոր Հայաստան կա՝ բույրերը, լեզվի հնչողությունը, գույները։ Իր երկրի դրոշը կախված է բազմոցի հետևում։ «Ամեն ինչ հետս եմ տանում, այն ամենից, ինչ իմն է՝ ոչինչ չեմ թողնում». Միայն մի բանի պակասն է զգում` Արարատ լեռանը. «Արարատի պատկերը չեմ կարող հետս տանել, շատ եմ կարոտում». Նրա համար արվեստը նման է մի բույսի, որի արմատները համապատասխան մշակույթի մեջ են, սակայն դրա ծաղիկները համամարդկային արժեք ունեն. «Երբ արհեստը դառնում է արվեստ, ժողովրդական մշակութը վերածվում է համամարդկայինի: Արվեստի գործն ընդգրկում է ողջ տիեզերքը և այն բոլորի համար է»:

Ֆլորենցիայում Վիգենն ապրում է իր ընտանիքի հետ: Եվ սա նույնպես ճակատագրի թելադրանքով («Յուրաքանչյուրն իր գրված ճակատագիրն ունի և պետք չէ փորձել փոխել այն կամ ծրագրեր կազմել: Ես ծրագրեր չեմ կազմում. ապրում եմ»,- ընդգծում է արվեստագետը): Նա մերժել էր ամուսնական կյանքը, որպեսզի նվիրվեր արվեստին, սակայն 46 տարեկան հասակում, Հայաստանում Իտալիայի դեսպանի հրավիրած երեկույթի ժամանակ հանդիպեց Էլլինային` մի երիտասարդ օրիորդի, որը աշխատում էր Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում և ցանկանում էր ցուցահանդես կազմակերպել Իտալիայում: «Երբ տեսա նրան, մտածեցի, որ նրա հետ ընտանիք կկազմեի»: Այժմ արդեն Անի անունով երեք ամսական երեխա ունի՝ «իմ արվեստի ամենագեղեցիկ ստեղծագործությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս