ԱՄՆ-ն ապրիլի 24-ի կապակցությամբ կոչ կանի լիարժեք ճանաչել Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մեկնարկային օրվա 100-րդ տարելիցն օգտագործել՝ կոչ անելու համար լիարժեք ճանաչել պատմության այդ աղետալի էջի հետ կապված փաստերը:
Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհանը. «Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և նախագահի օգնականի տեղակալ Բոն Ռոդսը երեկ ընդունել են Ամերիկայի հայկական ասամբլեայի ու Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ղեկավարներին՝ քննարկելու համար հայերի դեմ կատարված դաժան հանցանքների մեկնարկի 100-րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառումները:
Հաստատելով հայ և ամերիկացի ժողովուրդների միջև խորը կապերի առկայությունը՝ նրանք քննարկել են տվյալ առիթի կարևորությունը՝ հիշատակելու համար այն 1.5 միլիոն մարդկանց, որոնք սպանվել են այդ սարսափելի ժամանակ:
Վարչակազմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ԱՄՆ-ը ներկայիս առիթն օգտագործելու է՝ փաստերի լիարժեք ու արդար ճանաչման վերաբերյալ կոչ հնչեցնելու համար, ինչը մեր կարծիքով՝ համապատասխանում է բոլոր կողմերի շահերին»:
Միհանի այս հայտարարությունում 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածի համար բացակայում է «ցեղասպանություն» եզրույթը: Թուրքական մամուլը, դատելով Միհանի այս հայտարարությունից, գրել է, որ Օբաման ապրիլի 24-ին չի գործածի «ցեղասպանություն» բառեզրը: