Կարևո՞ր է, արդյոք, թե երկրներն ինչ կարգավիճակ ունեցող պաշտոնյաներով ներկա կլինեն Հայաստանում և Թուրքիայում

Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևն առաջին հերթին՝ Եվրամիության հումանիստական արժեքների գերակայության արդյունք էր: 168.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե այստեղ նաև կարևոր նշանակություն ունեցավ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վատ վիճակը.

«Այսինքն՝ այն, որ Եվրամությունն այսօր առանձնապես չի մտածում, հետաքրքրված չէ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելով, որովհետև Թուրքիան տարածաշրջանում իրեն բավականին ագրեսիվ է պահում»:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այդ բանաձևի ընդունումից՝ Ա. Ենոքյանն ասաց, որ սա ևս մեկ հերթական ուղենիշ է Ցեղասպանության ճանաչման ճանապարհին. «Հիմա Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը, այսինքն՝ բացի այն, որ սա կարող է ճնշում հանդիսանալ Թուրքիայի վրա՝ Ցեղասպանության ճանաչման հարցում, կարող է նաև մի շարք այլ խնդիրներ լուծել»:

Հարցին՝ այդ բանաձևի ընդունումը ինչքանո՞վ է կապված Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտարարության հետ, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Ընդհանուր այդպիսի տրամադրություն է ստեղծված, և մեկը մյուսի վրա ազդում է: Այսինքն՝ միգուցե Հռոմի պապի այդ ելույթի ժամանակ նաև որոշակի տեղեկություններ կային այն մասին, որ ԵՄ-ում նման տրամադրություն է տիրում: Այսինքն՝ այս երկու գործընթացներն իրար հետ կապված են, սրանք համաշխարհային գործընթացներ են»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք էր հայտնել, որ հիմա շատ կարևոր է այն, թե տվյալ պետությունից ո՞ր ստատուսի անձը որտե՞ղ է գնալու՝ Գալիպոլին նշելո՞ւ, թե՞ Ցեղասպանության 100-ամյակին մասնակցելու:

Մենք Ա. Ենոքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համաձա՞յն եք, որ պաշտոնյաների բարձր կամ ցածր կարգավիճակով ներկա գտնվելը կարող է նշանակություն ունենալ այս գործընթացքում: Ի պատասխան՝ նա ասաց, որ պաշտոնյաների ստատուսը դիվանագիտական կարևորագույն էլեմենտ է, և դա, իհարկե, կապ ունի.

«Սակայն այն երկրները, որոնք կգնան և՛ Թուրքիա, և՛ Հայաստան, ես կարծում եմ՝ նրանք կաշխատեն գտնել բալանսավորված ճիշտ ճանապարհներ: Եթե երկիրն ուզում է ունենալ բալանսավորված հարաբերություններ, ապա կփորձի այդտեղ ապահովել բալանսավորված ներկայություն, եթե ուզում է ինչ-որ բան հասկացնել Հայաստանին կամ Թուրքիային, ապա դա կերևա իրենց ներկայությամբ»:

Հարցին էլ՝ Եվրախորհրդարանի այս բանաձևի ընդունումից հետո՝ կարելի՞ է ենթադրել, որ այն երկրները, որոնք կողմ քվեարկեցին այդ բանաձևին, ավելի բարձր կարգավիճակով պաշտոնյաներին կուղարկեն Հայաստան և ոչ թե՝ Թուրքիա, Ա. Ենոքյանն այսպես պատասխանեց.

«Ո՛չ, չի կարելի ենթադրել: Հիմա Եվրամիությունն ընդդիմանում է, Եվրամիությունը վարում է իր առանձնակի քաղաքականությունը, որը կապված է իր անդամ երկրների հետ, բայց անդամ երկրներն ունեն իրենց սեփական արտաքին քաղաքականությունը, և այնպես չէ, որ այդ բանաձևի ընդունումը նշանակում է, որ իրենք այս կոչին կենթարկվեն»:

Տեսանյութեր

Լրահոս