«Այդ մարդու արտահայտությունները մեկ-մեկ զարմանք են առաջացնում, թե ինչպիսի կրթություն է ստացել և ինչ շրջապատում է նա մեծացել». Ալեքսանդր Արզումանյան

«Դա շատ կարևոր իրադարձություն էր, առաջին անգամ էր, որ Հայաստանը հանդես է գալիս՝ որպես սուբյեկտ այս գործընթացներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով Եվրախորհրդարանի ՝ Ցեղասպանության մասին ընդունած բանաձևի մասին: Հիշեցնենք, որ օրերս Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը:

Ըստ նրա՝ սա իրոք շատ կարևոր, պատեհ առիթ է մեզ համար՝ հնարավորինս լայն ներկայացնել 100-ամյա տարելիցը. «Կարծես թե կարողանում ենք օգտագործել այդ պահը»:

Հարցին՝ Հռոմի պապի խոսքն ի՞նչ ազդեցություն ունեցավ այս գործընթացում, Ալ. Արզումանյանը պատասխանեց, որ Հռոմի պապը հովիվն է 1 միլիարդ 200 հազար մարդկանց, որոնք կաթոլիկ են և ևս մի քանի միլիարդ ընդհանրապես քրիստոնյաների, նա բարոյական հեղինակություն է, և նրա խոսքը շատ կարևոր է. «Շատ գեղեցիկ, ազնիվ մղումով արված հայտարարություն էր, դա քաղաքական որևէ բան չի պարունակում իր մեջ, բայց դա մեծագույն բարոյական աջակցություն էր»:

Հարցին էլ՝ Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ի՞նչ նշանակություն ունեցավ այս գործընթացում, պատգամավորն այսպես պատասխանեց.

«Թուրքիան ոչ թե ագրեսիվ, այլ ոչ ադեկվատ, բավականին անհասկանալի դիրքորոշում է բռնել, և դա, իրոք, ձանձրացնում է միջազգային հանրությանը: Թուրքիան դեռևս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս այս տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից չէ, և այդ հին հիշողություններով է առաջնորդվում: Այս մարդու արտահայտությունները մեկ-մեկ նույնիսկ զարմանք են առաջացնում, թե ինչպիսի կրթություն է ստացել և ինչ շրջապատում մեծացել: Այդ առումով, անշուշտ, արտահայտությունները որոշ մարդկանց մոտ դժգոհություններ են առաջացնում: Իսկ Հռոմի պապին մեղադրել կեղծարարության, ստի մեջ և ընդհանրապես ինչ-որ պատժամիջոցներով սպառնալ Սուրբ Աթոռին, դա ուղղակի անհեթեթության հերթական դրսևորումն է: Այնպես որ, հուսանք, որ այս ոչ ադեկվատ գործողությունները կշարունակվեն, և էլ ավելի հակադարձ ռեակցիա կառաջանա քաղաքակիրթ աշխարհի կողմից»:

Նրա խոսքով՝ մենք ոգևորվում ենք, որ որևէ նահանգ ճանաչում է Ցեղասպանությունը, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի:

«Այնպես չէ, որ 100-ամյակը եկավ, և մենք ապրիլի 25-ին արթնանալու ենք՝ ամբողջ աշխարհը ճանաչած, բոլոր հարցերը լուծած, մեր պահանջատիրական նկրտումները բավարարված, և այլն: Ոչ, սա գործընթաց է, քայլ առ քայլ պետք է հասնենք այն ժամանակներին, երբ Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ, և կնստենք սեղանի շուրջ՝ կքննարկենք անելիքները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս