«Թևակոխել ենք Հայաստան-Եվրամիություն երկխոսության մի նոր փուլ». Արտակ Զաքարյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը՝ «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ.

«Հարգարժան դեսպան,
Հարգելի գործընկերներ,

Նախ ցանկանում եմ ողջունել այս լսումների կազմակերպիչներին, մեր գործընկեր հանձնաժողովին և լսումների բոլոր մասնակիցներին: Հատուկ ցանկանում եմ ողջունել Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Հրիստեային և օգտվելով առիթից նշել, որ իր առաքելության ողջ ընթացքում նա իր ակտիվ ջանքերն է դրել ԵՄ-ի խորհրդարանական կապերի զարգացման համար, ինչպես նաև վստահ եմ, որ կարևոր և էֆեկտիվ դերակատարում է ունեցել ԵՄ-ի հետ մեր երկրի համակողմանի հարաբերություններում: Ցանկանում եմ ողջունել իմ լավ բարեկամ, փոխարտգործնախարար պարոն Կարեն Նազարյանին, ում պատասխանատվության ոլորտը շարունակում է առանցքային լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգերում: Ձեզ համար գերլարված այս օրերին պարոն Նազարյան, շնորհակալ եմ որ այսօր զեկույցով հանդես կգաք խորհրդարանական լսումների համար: Գովասանքի խոսքեր եմ ցանկանում ասել նաև Նաիրա Զոհրաբյանին` Ռիգայից առաջ այս հարցը խորհրդարանի օրակարգում բարցրացնելու և ներկայացուցչական քննարկում կազմակերպելու համար:

Հարգելի բարեկամներ,

Սույն թվականի մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը Վիլնյուսից հետո դառնալու է այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու են նախորդ գագաթաժողովում Արևելյան գործընկերության երկրների համար սահմանված հետագա համագործակցության ուղիները և նրանց հետ համագործակցության տեսլականը:

Ցավոք, արևելյան գործընկերությունը ներկայումս բարդ ժամանակներ է ապրում և հեշտ չեն լինելու նաև արդյունավետ և բազմակողմանի ընդունելի լուծումներ գտնելը, դրա համար լիովին հասկանալի է անդամ երկրների, Եվրամիության և շահագրգիռ մյուս կողմերի զգուշավոր մոտեցումները Ռիգայի գագաթաժողովի խնդիրներին: Տարբեր իրավիճակներ են ստեղծվել տարբեր պետությունների պարագայում և հետևաբար նաև տարբերակված մոտեցումները դարձել են օբյեկտիվ անհրաժեշտություն: Առավել հետաքրքրական է Հայաստանի մոտեցումները, որոնք այս երկու տարիների ընթացքում քաղաքական առումով գուցե ամենաքննարկվող հարցերից մեկն էր: Ես ուրախ եմ, որ մեր գործընկեր բոլոր պետություններում մենք լիակատար ընբռնում ունեցանք Հայաստանի քաղաքականությունը եվրոպական երկխոսության հարթության վրա ամբողջովին ընկալելի դարձավ: Գուցե նաև ապագայի համար լավագույն մոդել ճանաչվի բազմավեկտոր համագործակցության և կամրջող գործառույթներում:

Հանրապետության Նախագահը իր բազմաթիվ հանդիպումներում և հրապարակային խոսքում արժևորել է ԵՄ հետ համապարփակ երկխոսության պատրաստակամությունը` մատնանշելով դրանց գործնական դրսևորման ուղղությունները:

Բազմիցս է նշվել, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մեծապես հենվում ենք ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի եւ համաեվրոպական արժեքների վրա և որ այս գործընթացը լինելու է շարունակական:

Մենք ներկայումս թևակոխել ենք Հայաստան-Եվրամիություն երկխոսության մի նոր փուլ, որը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում: Ակտիվ կերպով բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում տեղի են ունենում քննարկումներ, որոնց հիմնական նպատակն է պարզել, թե ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել Հայաստանն ու Եվրամիությունը՝ չհակասելով Եվրասիական տնտեսական միության առջեւ Հայաստանի ստանձնած նոր հանձնառություններին: Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է իր եվրոպական համագործակցությունը արդեն որպես եվրասիական տնտեսական ինտեգրման լիիրավ անդամ: Սակայ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն չի կարող խոչընդոտ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Եվ դրանք հակադրություններ չի կարող դիտվել, կամ գոնե Հայաստանը զերծ է պահելու իր օրակագը հակասություններից:

Ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգում առաջնային հարցերից մեկը ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորումն է: Չնայած նրան, որ ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հիմքով ակտիվ համագործակցություն է ընթանում քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրական եւ մշակույթի ոլորտներում, այնուամենայնիվ, ԵՄ-ն եւ Հայաստանը միակարծիք են, որ կարեւոր է վերանայել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքը:

Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթաժողովը կհղի ուղերձ առ այն, որ Եվրամիությունը հետաքրքրված է ամրապնդել եւ շարունակել Արեւելյան գործընկերությունը Հայաստանի հետ նոր հիմքով ու սկզբունքներով:

Մենք նաև բազմիցս կարևորել ենք այն հանգամանքը, որ ԵՄ-ն, վարելով Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, պետք է այսուհետ նաեւ հաշվի առնի յուրաքանչյուր արեւելյան գործընկեր պետության կենսական շահերը եւ առանձնահատկությունները, համագործակցության հարցում նրանց պատրաստակամությունն ու հնարավորությունները:

Համագործակցության անցած տարիների ընթացքում մենք Եվրոպական միության կառույցների հետ համագործակցության ոլորտում մեծապես առաջընթաց ենք արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման ոլորտում, հատուկ ուշադրության ենք արժանացրել պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը եւ այլն: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքերի համատեքստում այն կլինի շարունակական՝ որակական նոր հիմքով, ինչը և կարձանագրվի Ռիգայի գագաթաժողովում:

Մենք նաև լիահույս ենք, որ Ռիգայում կայանալիք գագաթաժողովը Արևելյան գործընկերության անդամ երկրներին հնարավորություն կընձեռի նորովի գնահատել, նորովի անդրադառնալ Եվրամիության եւ գործընկեր պետությունների հարաբերություններին ու ձեռքբերումներին, բացթողումներին և դրանց պատճառների վերաբերյալ հետևություններին, որոնք արձանագրվել են վիլնյուսյան գագաթաժողովից հետո:

Հուսանք, որ Ռիգայի գագաթաժողովը երկուստեք հնարավորություն կընձեռի հարաբերությունների վերանայման եւ կապերի սերտացման համար՝ ապագայի նոր հեռանկարի ուրվագծման մտադրությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս