Սկսվել է Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությաբ դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը։
Դատական նիստի ընթացքում տուժող ճանաչված Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը գործով դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Ա. Խաչատրյանն ասաց, որ նախաքննության ընթացքում դատախազը ցուցում է տվել նախաքննությունն իրականացնող մարմնին մի շարք հանգամանքներ պարզել, և առաջին հայացքից թվում էր, թե դատախազն առաջնորդվել է քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու ցանկությամբ, սակայն, ըստ տուժողի ներկայացուցչի, նախաքննական մարմինը, մեղմ ասած, անգործություն է դրսևորել, դատախազի ցուցումները չեն կատարվել, և այդ պայմաններում դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։
Բացի այդ, Արամ Մանուկյանի ներկայացուցչի խոսքով՝ դեպքի կատարումից անմիջապես հետո մամուլում գրվել է, իսկ տուժողն էլ հայտնել է, որ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է, կազմակերպված հանցագործություն, մամուլում նույնիսկ անուններ են հնչել, սակայն դատախազը չի հանձնարարել ստուգել այդ վարկածը, այդ ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Այս ամենը, ըստ տուժող Արամ Մանուկյանի ներկայացուցչի, իրենց մոտ ողջամիտ կասկած է հարուցում դատախազի անաչառության հետ կապված։
Այս գործով ամբաստանյալ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանն ասաց, որ միջնորդությունը հիմնավոր չէ, տուժողի ներկայացուցիչն ընդհանուր գնահատականներ հնչեցրեց նախաքննության վերաբերյալ, սակայն չներկայացրեց հիմքեր և փաստարկներ, և խնդրեց մերժել միջնորդությունը։
Դատախազն, իր հերթին, ասաց, որ վերլուծություններն ընդամենը երևակայության արդյունք են և կապ չունեն իրականության հետ։ Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է։