Չբարևելը դարձել է վիճաբանության պատճառ, ինչն ավարտվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է քաղաքացի Գ.Սարգսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տուժած քաղաքացին՝ ԳՍարգսյանը, 2015թ. հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է իր ծանոթուհու տուն, որտեղ այդ պահին եղել է նաեւ քաղաքացի Է.Զեյնալյանը։ Միմյանց չբարևելու պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս, գրպանից հանելով դանակը, երկու անգամ հարվածել է Գ.Սարգսյանի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Է.Զեյնալյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրեմսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ , ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ Քննչական Կոմիտե