«Մեր նահատակները երկնքից կնայեին և ծափ կտային, եթե…»

«Ես վախենամ, որ ապրիլի 24-ից հետո շատ ավելի հանգիստ կլինի վիճակը, նրանք, ովքեր եկած կլինեն այստեղ` իրենց բարոյական պարտքը տված կլինեն, որոշ պետություններ կասեն՝ «ուզո՞ւմ էիք ընդունեինք այդ փաստը, մեր պետություններն ընդունեցին», բայց չէ՞ որ մնացել են հետևանքները: Ընդ որում, միայն այն փաստը, որ մինչև հիմա մենք ունենք Սփյուռք, դրա հետևանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով՝ մինչ ապրիլի 24-ը չերևաց համապարփակ ծրագիր, որը պետք է սկսվեր 2010-ից, հետևապես՝ «դժվար չէ ենթադրել, որ չկա ծրագիր 2015-ից հետո». «Երկրորդը՝ այդպես էլ չօգտագործվեց այդ 100-ամյակը՝ հայությանը որակ տալու, խմբելու համար, մենք չկարողացանք դա անել, և դա մեր մեծ սխալն է: Ինչո՞ւ մենք չօգտագործեցինք այդ 100-ամյակը: Ես համոզված եմ, որ մեր նահատակները երկնքից կնայեին և ծափ կտային, եթե տեսնեին, որ իրենք հենց այնպես չեն նահատակվել, որովհետև նրանք չեն նահատակվել, որ ինչ-որ պետություն ընդունի Ցեղասպանությունը, իրենք վերևից շարունակությունն են ուզում տեսնել: Ինչո՞ւ մենք չհարգեցինք մեր զոհերի հիշատակը, իսկ մենք միայն մի ձևով կարող էինք հարգել նրանց հիշատակը՝ ուժեղ լինելով, համախմբված լինելով, մենք դա չկարողացանք»:

Դիտարկմանը՝ Համահայկական հռչակագիրը շատերը որակեցին հենց այս համախմբման արդյունք, երբ պաշտոնական Հայաստանը, Սփյուռքը համախմբվեցին և մի տեսակետ հայտնեցին, Հ. Մեսրոբյանն այսպես արձագանքեց.

«Ես համամիտ չեմ, որ դա եղել է համայն Սփյուռքի և ընդհանրապես հայության աշխատանք, որովհետև ոչ մի բան մենք չգիտեինք, և հանկարծ առաջացավ այդ փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը պետք է լիներ հայի փաստաթուղթ: Ի՞նչ տեղի ունեցավ, վերջերս տպվեց մի տեքստ, ասացին, որ կարևորագույն կառույցները հավաքվել են և տեքստ են ընդունել, ո՞ւր է այստեղ հայությունը: Ի վերջո, մենք գիտենք, որ շատ կառույցներ արդեն այն հետադարձ կապը հայության հետ չունեն, այն հեղինակությունը չունեն: Ես խոսում եմ հայության միաբանության մասին: Մինչև այս տարելիցը մենք ունեինք 100 տարի, իսկ որպես անկախ պետություն՝ 24 տարի: Կարելի էր, չէ՞, ինչ-որ բան անել այդ ուղղությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, թե այնպես չէ, որ ոչինչ չի արվել, բայց չի արվել այնքան, որքան պետք էր անել:

 

Տեսանյութեր

Լրահոս