Բաժիններ՝

Ոմանք սպասում են, ոմանք շահում. Երբ կկարողանան «սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիները մեկնել Ռուսաստան

Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողների «սև ցուցակում» հայտնված ավելի քան 40 հազար հայերից մեկը՝ 41-ամյա Տիգրանը, այսօր Խորենացի փողոցում թղթախաղ էր խաղում ու պատմում Կրասնոդարում անցած տարվա իր աշխատանքի մասին: Աշխատանքի սև շուկայի ներկայացուցիչները հետաքրքրված լսում էին ու հարցեր տալիս Տիգրանին, ով, իր խոսքով, օրական մինչև 350-400 դոլար է աշխատել:

«Ինձ զգուշացրել էին, որ մեկ շաբաթ անց կարող եմ Ռուսաստանից մեկնել, սահմանը հատել, վերադառնալ և շարունակել աշխատանքս։ Իմ շեֆն ինձ ասեց՝ խնդիր չկա, դու աշխատի, մնացած հարցերը մենք մեր կապերով կամ փողով կլուծենք: Մոտ մեկ ամիս անց ինձ գրություն եկավ դատարանից. դատվել եմ, տուգանքն էլ վճարել, բայց հիմա չեմ կարողանում նորից մեկնել ու շարունակել աշխատանքս»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տիգրանը:

Ռուսաստանում նա աշխատել է 8 տարի, գործը հիմնականում սեզոնային է եղել. 8 ամիս աշխատել է, մնացած ամիսներն անցկացրել Երևանում՝ ընտանիքի մոտ. «Չեմ բողոքում, մեր ապրուստը լավ էր, իմ աշխատած գումարով համ ես էի ապրում, համ ընտանիքս, համ գյուղում ծնողներս»:

Հիմա վիճակը ծայրահեղ է, արդեն 3 ամիս է` չի կարողանում մեկնել և ստիպված աշխատանք է փնտրում այստեղ: Նրա խոսքով՝ շինարարության ոլորտում այսօր դժվար է նորմալ վարձատրվող աշխատանք գտնել, լավ վարձատրվում են մարզերի աշխատանքները: Օրինակ՝ Ջերմուկում, Դիլիջանում, Ծաղկաձորում կա աշխատանք, սակայն, վարձատրությունից բացի, աշխատողն ինքը պետք է հոգա կացության, ուտելու, տեղափոխման ծախսերը: «Երկար-բարակ մտածել եմ, որ ավելի լավ է՝ Երևանում աշխատեմ։ Թեև  ես արհեստ ունեմ, Ռուսաստանում պահանջված սանտեխնիկ էի, սակայն այդ գործով այստեղ ամիսներ շարունակ չեմ կարողանում փող աշխատել: Վարձու բանվորների հետ կանգնում եմ, օրը 5-6 հազարով գնում-աշխատում»:

Երևանյան շինարարական կազմակերպություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ շինարարության ոլորտում աշխատուժը դարձել է ավելի որակյալ՝ Ռուսաստան մեկնել չկարողացած վարպետների հաշվին:

«Կարճ ասած, մենք այսօր նույն գումարով ավելի որակյալ մասնագետ ենք գտնում։ Մեզ համար, իհարկե, լավ է, մեր ծախսերը քչանում են։ Եթե նախկինում նույն գործը վարպետը կարող էր անել 10 օրում, հիմա 6-7 օրում կարող է հանձնել, և մենք էլ խնայողություն անենք: Վատ է իրենց համար, քանի որ մոտ 70 տոկոսով այստեղ Ռուսաստանի համեմատ վարձատրությունը քիչ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նրանք բոլորը խուսափում են երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց` մտածելով, որ հնարավոր է` Ռուսաստան մեկնելու արգելքը վերանա,  և նորից կարողանան գնալ իրենց հիմնական արտագնա գործին:

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները Ռուսաստան մուտքի արգելքի շուրջ շարունակվում են:

«Այն մարդիկ, ովքեր խախտումներ են թույլ տվել և մուտքից զրկված են, հիմա նրանց դիմումներն ենք հավաքում, արդեն 7000 անձ դիմում է ներկայացրել, որից 6400-ն արդեն ներկայացրել ենք Ռուսաստան: Դրական կամ բացասական պատասխան տալը միայն Ռուսաստանի իրավասության մեջ է մտնում: Բանակցությունների արդյունքում շեշտակի մեծացել է դրական պատասխանների թիվը»,- ասաց Միգրացիոն ծառայության պետը:

Հայտերի քննության գործընթացը նախկինում երեք ամիս էր տևում, հիմա քննությունը մեկուկես ամիս է տևում: Ըստ Գ. Եգանյանի՝ երբ ստացվում է դրական պատասխանը, անձը կարող է արդեն գնալ աշխատանքի. «Մենք պաշտոնական գրությամբ տեղեկացնում ենք մեր քաղաքացիներին և խորհուրդ ենք տալիս մի որոշ ժամանակ սպասել և նոր մեկնել Ռուսաստան, որպեսզի այդ ժամանակահատվածում նրանց տվյալներն ուղարկվեն Սահմանային դաշնային ծառայություն, քանի որ սահմանապահների մոտ են «սև ցուցակները»»:

Կան դեպքեր, երբ արգելքը դրվել է դատարանի վճռի հիման վրա և, ըստ պաշտոնյայի՝  ինչքան էլ իրենք կամ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը շահագրգռված լինեն, իրավասու չեն ոչինչ փոխել, քանի որ միայն վերադաս դատական մարմինները կարող են փոխել դատարանի վճիռը: Ինչ վերաբերում է տուգանքներին, Եգանյանը  նշեց, որ տուգանքների վճարումը (մոտավորապես 2000-5000 ռուբլի) չի կարող ոչինչ փոխել, քանի որ դա պարտադիր վճարում է և չի ենթադրում սահմանափակումների վերացում: Ծառայության պետը ևս մեկ անգամ նկատեց, որ դատական վճռի պարագայում մուտքի արգելքի վերանայման համար դիմելն անհիմն է:

Ընդհանուր առմամբ, ըստ Գ. Եգանյանի,  ուղևորաշրջանառության ծավալները 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ գրեթե չեն փոխվել: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ արտագնա աշխատանքի մեկնողները, հնարավոր է, սկսեն աշխատանք փնտրել հարևան երկրներում, նա նշեց, որ այս գործընթացքը հղի է շատ վտանգներով. «Դյուրին չէ դրսի աշխատաշուկայում աշխատանք գտնելը, թույլտվության առանձին խոչընդոտ կա, ինչը ԵՏՄ-ում գոյություն չունի։ Թուրքիայում թույլտվություն պետք է լինի, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ ի հայտ կգան, մասնավորապես՝ շահագործում, աշխատանքային պայմանների ոչ բավարար մակարդակ, և այլն»:

Չնայած անորոշություններին, «սև ցուցակում» հայտնված բոլոր հայերը ժամառժամ սպասում են, թե երբ նորից հնարավորություն կունենան իրենց աշխատանքին վերադառնալ, քանի որ այստեղ միջին վարձրատրվող աշխատանք ունենալը նրանցից շատերի համար պարզապես երազանք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս