2014 թվականից գաղտնալսե՞լ են Ժիրայր Սէֆիլյանի հեռախոսահամարը

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորած անդամների փաստաբան Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ, իրենց տեղեկություններով՝ Ժիրայր Սէֆիլյանի և իր գործընկերների նկատմամբ օպերատիվ աշխատանքներ իրականացվում են առնվազն 2014-ի մայիսից, մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, և այլ օպերատիվ աշխատանքներ:

Անդրադառնալով նրանց դեմ հարուցված քրեական գործին, փաստաբանն ասաց, թե գործը հարուցվել է 2015 թվականի փետրվարի 18-ին, իսկ 2015 թվականի մարտի 28-ին «Հիմնադիր խորհրդարանը» դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել ապրիլի 24-ին իրականացնել միջոցառում, և մի քանի օր հետո քաղաքապետարանի կողմից նման թույլտվություն տրվել էր, հնարավորություն էր տրվել, որպեսզի միջոցառումն իրականցվի Էրեբունի թանգարանի մոտակայքում:

«Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք ժամանակհատվածի վրա, քրեական գործ հարուցվել է փետրվարի 18-ին, թույլտվությունը՝ միջոցառում իրականացնելու, ապրիլի 1-ին, թե 2-ին՞ Այսինքն՝ քրեական գործ հարուցելուց շուրջ 40 օր հետո»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ քաղաքապետարանը նման դիմումներ ստանալուց հետո քննարկում է դրա նպատակահարմարության, անվտանգության և մի շարք այլ հարցեր՝ խորհրդակցելով բազմաթիվ այլ մարմինների, այդ թվում նաև ուժային կառույցների հետ:

Փաստաբանը դրանից հետևություն է անում, քաղաքապետարանը այդ հանրահավաքների վերաբերյալ խորհրդակցել է նաև իրավապահ մարմինների հետ, որևէ խնդիր չեն տեսել արգելելու համար և թույլատրել են, որպեսզի ապրիլի 24-ին ՀԽ անդամները իրականցնեն հանահավաք. «Այսինքն՝ մի կողմից ստացվում է, որ Ժիրայր Սէֆիլյանը դեռևս 2014 թվականի մայիսից սկսել է աշխատանքներ կատարել զանգավածային անկարգություններ կազմակերպելու ուղղությամբ, այնուհետև հարուցվել է քրեական գործ, քանի որ նախաքննական մարմինն ունեցել է բավարար տեղեկություններ հանցագործության վերաբերյալ: Դրանից հետո այնումենայնիվ Ժիրայր Սէֆիլյանին և «Հիմնադիր խորհրդարանին» թույլատրվում է իրականացնել միջոցառում: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը»:

Ըստ փաստաբանի՝ այս ամբողջը խոսում է մեկ բանի մասին. ակնհայտ է, որ իշխանությունները այս քայլին գնացին, որպեսզի «հնարավորություն չտան «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին իրականացնել միջոցառում և միջոցառումների ընթացքում իրենց բացասական դիրքորոշումը հայտնեն այս իշխանության գործունեության վերաբերյալ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս