Բաժիններ՝

Մահացող ուղեղն իր ետևից անդունդն է գլորում նաև սիրտը

Համարվում է՝ երբ սիրտը կանգ է առնում, դադարում է արյան հոսքը դեպի հյուսվածքներ, և սկսվում է թթվածնային քաղց, ինչը հատկապես վտանգավոր է ուղեղի համար (ուղեղի մահը նշանակում է նաև օրգանիզմի մահ): Սակայն Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն դեպքերում, երբ օրգանիզմին թթվածնային քաղց է սպառնում, ուղեղն է սիրտը «գերեզման իջեցնում»: Ավելի վաղ հայտնաբերվել էր, որ ուղեղն ազդակներ է հաղորդում մահացող սրտին՝ փորձելով, կարծես, վերագործակցել սիրտը: Սակայն, ցավոք, օգնելու փոխարեն վնասում է՝ թողնելով հակառակ ազդեցություն:

Կատարված գիտափորձերի ժամանակ առնետներին թունավորում էին շմոլ գազով կամ ներարկում էին մահացու թույն և միաժամանակ գրանցում սրտի աշխատանքը էխոկարդիոգրաֆիայի միջոցով, իսկ ուղեղի աշխատանքը՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով: Սրտի հյուսվածքներում ստուգում էին նաև այն միացությունների առկայությունը, որոնցով տեղի է ունենում ազդակի փոխանցումը: Պարզվել է, որ ինչ-որ մի պահից սկսած սրտի և ուղեղի աշխատանքը սինքրոնիզացվում է: Սա տևում է մինչև փորոքային ֆիբրիլյացիայի փուլը, ինչի ժամանակ բաբախելու փոխարեն՝ սիրտն անկանոն դողում է՝ ի վիճակի չլինելով արյուն մղել: Այս փուլում արդեն շատ դժվար է սրտի աշխատանքը կարգավորել: Սակայն, երբ հետազոտողները, վերացնելով սիրտը և ուղեղը կապող ողնուղեղային ուղիները, կանգնեցնում էին ուղեղից եկող ազդակների հոսքը, սրտի ֆիբրիլյացիան հետաձգվում էր, և կենդանիները երեք անգամ ավելի երկար ժամանակ էին ողջ մնում: Այլ կերպ ասած՝ բարձրագույն նյարդային համակարգը փորձում է օգնել սրտին՝ ուղարկելով ազդակներ, սակայն սա հակառակ ազդեցություն է ունենում:

Պետք է հիշել, որ նշված փորձերը կատարվել են առնետների հետ, իսկ մարդկանց պարագայում պատկերը կարող է այլ լինել: Սա պարզ կդառնա հետագա հետազոտությունների արդյունքում: Եթե պարզվի, որ մարդկային ուղեղը, հայտնվելով կյանքի և մահվան սահմանին, ևս վնասում է սրտին, ապա գիտնականների հաջորդ նպատակը կդառնա այնպիսի մեթոդի ստեղծումը, որը թույլ կտա կրիտիկական պահերին թուլացնել ուղեղի ազդեցությունը սրտի վրա: Այդպիսի դեղը կամ սարքը կերկարացնի սրտի նորմալ կծկումների ժամանակը և, այսպիսով, կմեծացնի ողջ մնալու հավանականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս