Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Սամվել Գրիգորյանի ընտանիքին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցի ակադեմիկոս Սամվել Սամվելի Գրիգորյանի մահվան լուրը. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով հսկայական ներդրում է ունեցել մեխանիկայի եւ աստրոֆիզիկայի զարգացման գործում` ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ծնվելով Արցախում, ապրելով ու արարելով պատմական հայրենիքից հեռու` ակադեմիկոս Գրիգորյանը երբեք չի մոռացել հայրենի երկիրը, ապրել է նրա հոգսերով ու խնդիրներով, ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական սփյուռքի կյանքում, իր արժանի ավանդը բերել Հայրենիքի հետ կապերի զարգացման եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործին:

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Սամվել Սամվելի Գրիգորյանի հայրենանվեր գործունեությունը` պարգեւատրելով նրան «Երախտագիտություն» մեդալով:

Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին: Հայտնելով մեր խորին ցավակցությունը` ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը:

Սամվել Սամվելի Գրիգորյանի պայծառ հիշատակը հավերժ կմնա երախտապարտ արցախցիների սրտերում»:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս