Կրեմլը չի հստակեցնում` Պուտինն ապրիլի 24-ին կլինի՞ Հայաստանում, թե՞ ոչ

Թեև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման գլխավոր արարողություններին մի քանի օր է մնացել, Կրեմլը շարունակում է չհստակեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցի մասին տեղեկությունները` այս հարցի շուրջ հետաքրքրությունն ու աղմուկն էլ ավելի մեծացնելով:

168.am-ը կապ հաստատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարության, մասնավորապես՝ մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ՝ ճշտելու Պուտինի այցի հետ կապված մանրամասները:

Այնինչ Պեսկովի օգնականը մեզ պատասխանեց, որ Պուտինի Հայաստան կատարելիք այցի օրվա կամ ընդհանրապես այցի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: Մեր պնդող հարցերին, թե չկա՞ տեղեկություն, թե՞ պարզապես չեն տիրապետում նման տեղեկության, ևս մեկ անգամ պատասխանեցին.

«Դեռ չկա նման տեղեկություն, այսինքն` դեռ չկա որևէ հստակ տեղեկություն»: Այնինչ մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի մամլո խոսնակն ասել էր, որ այդ հարցը դիտարկվում է, և համապատասխան հայտարարությամբ հանդես կգան օրեր անց: Փաստորեն, օրեր անց ևս չի հաստատվում այցը:

Այցի հետ կապված այս օրերին իրարամերժ տեղեկություններ են տարածվում և՛ հայաստանյան, և՛ թուրքական, և՛ ռուսական մամուլում. կամ Պուտինը կայցելի և՛ Հայաստան, և՛ Թուրքիա, կամ կհետաձգի իր այցը Հայաստան, քանի որ ապրիլի 24-ին իր այցը ՀՀ մեծ վտանգի տակ կդնի անցյալ տարեվերջին ձեռք բերված ռուս-թուրքական տնտեսական պայմանավորվածությունները: Իսկ հայաստանյան որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ այդ օրը նրա Հայաստանում չգտնվելու հնարավորությունը դիտարկում են՝ որպես ռուսական դիվանագիտության տապալում:

Հետաքրքրականն այն է, որ նույն Դմիտրի Պեսկովն օրերս անդրադառնալով Թուրքիայում նույն օրը` ապրիլի 24-ին կազմակերպված Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառումներին ՌԴ ներկայացվածությանը՝ հստակեցրել էր, որ ՌԴ-ն բարձր մակարդակով է ներկայանալու Թուրքիայում կազմակերպվելիք ոգեկոչման արարողություններին:

Հիշեցնենք նաև, որ այս ամիս Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ այս ամիս Հայաստանում սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, նախատեսվում է, որ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին` չհստակեցնելով` այցը տեղի կունենա ապրիլի 24-ի՞ն, թե՞ մեկ այլ օր:

Տեսանյութեր

Լրահոս