Պուտինը վերացրել է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վրա դրված արգելքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով վերացրել է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման վրա դրված արգելքը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ կապակցությամբ հանդես է գալու հատուկ հայտարարությամբ: ՌԴ Պետդումայի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կոմոեդովը ժամանակին է համարել այդ արգելքի վերացումը:

Նա կարծում է, որ այդ քայլը ճանապարհ է հարթում նաև երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մյուս ուղղություններով էլ փոխգործակցելու առջև: Պատգամավորը մանրամասնել է, որ դա կարող է առնչվել ավիացիոն համալիրին, ինչպես նաև ռազմանավերի մատակարարմանը:

Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:

Կարդացեք նաև

Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Տեսանյութեր

Լրահոս