ՆԱՏՕ-ում ռուսական պատվիրակության կեսից ավելին լրտեսներ են. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է հասնել կազմակերպությունում ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցների թվակազմի կրճատմանը:
Ներկայումս ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն ունի 50 աշխատակից: Պլանավորված է դա նվազեցնել մինչև 30-ի: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ռուսական կողմին այդ մասին իրազեկել է նախորդ շաբաթ:
Անձնակազմի կրճատման համար տրվել է 90 օր: Մշտական ներկայացուցչության ղեկավարը պետք է անձամբ որոշի ում թողնել և ում ուղարկել տուն:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոն պարզաբանել է, որ դա գործնական միջոց է, որն առնչվում է ՆԱՏՕ-ին կից գործընկեր երկրների բոլոր 41 պատվիրակություններին` ներառյալ Ռուսաստանը: Թերթի պնդմամբ` ՆԱՏՕ-ի որոշման իրական պատճառը ոչ թե տեղերի սակավությունն է, այլ` լրտեսության մեջ կասկածելը:
Թերթն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի քաղաքացիական հետախուզության կոմիտեն դաշինքի ղեկավարությանը զեկույց է ներկայացրել, ըստ որի` ռուսական պատվիրակությունում աշխատում են հետախուզական մարմինների աշխատակիցներ:
Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ում ոչ մեկ շոկի մեջ չի հայտնվել այն փաստից, որ ռուսական մշտական ներկայացուցչությունում կարող են աշխատել հետախույզներ:
Պատվիրակության կազմի կրճատումը հազիվ թե բացառի լրտեսելու ռիսկը, սակայն տվյալ քայլը հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել այդ խնդիրը: Դեռ նախորդ տարի հաղորդվել էր, որ 71 ռուս պատվիրակներից 38-ը լրտեսներ են: