«Մենք ընդունում ենք մարտահրավերը». «Հիմնադիր խորհրդարանը» վաղը բողոքի ակցիա է անցկացնելու

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով այսօր «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների նկատմամբ իրականացված հետապնդումներին և ձերբակալության դեպքերին, հայտարարեց, որ իրենց պայքարի դեմ, որը միշտ եղել է «քաղաքական և օրինական, օրինականության սահմաններից երբեք դուրս չի եկել», այսօր ձեռնարկվեց «քրեական միջոցներով՝ քաղաքական նպատակներ հետապնդող պայքար»:

«Մենք այսօրվա արարքը գնահատում ենք աբողջությամբ քաղաքական, ինչպես մինչև այսօր մենք մշտապես վերցրել ենք մարտահրավերը, այսօր ևս շարունակում ենք վերցնել մարտահրավերը և շարունակում ենք մեր պայքարը»,- հայտարարեց Ա. Ենիգոմշյանը՝ շեշտելով, որ այն  գլխավոր օրակարգը, որը «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումը և «Հիմնադիր խորհրդարանը» դրել էր իր առաջ (2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրքը մատուցելուց հետո երեկոյան սկսել «այս ռեժիմից ձերբազատման քաղաքացիական անհնազանդության՝ ամբողջությամբ օրինականության սահմաններում գտնվող պայքարը»), շարունակում է մնալ ուժի մեջ:

Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական պայքարն այսօր ավելացել է մի «շատ կարևոր» բաղադրիչով՝ իրենց համար նույնքան կարևոր խնդիր է դարձել իրենց «քաղբանտարկյալ», այսօր ձերբակալված ընկերների ազատ արձակման խնդիրը: «Այսօր 9 հոգու բերման ենթարկեցին, որոնցից այս պահին 6-ին ձերբակալել են, և վերջին 1 ժամվա ընթացքում նրանք տեղափոխվել են Էրեբունի թաղամասում գտնվող ժամանակավոր ձերբակալվածների պահպանման վայր: Մեր քաղաքական օրակարգը չի փոխվել, ինչը վերաբերում է ապրիլի 24-ից սկսվող քաղաքացիական շարժմանը, և դրան գումարվել է մեր քաղբանտարկյալ ընկերների ազատագրման շարժման պահանջը: Ես հայտարարում եմ, որ վաղը ժամը 13:00-ին մենք  բողոքի ակցիա ենք անելու ներկայումս մեր քաղբանտարկյալ ընկերների գտնվելու վայրի մոտակայքում»: 168.am-ը «Հիմնադիր խորհրդարանի» մեկ այլ անդամից՝ Վարդան Հակոբյանից, հետաքրքրվեց, թե արդյոք իրենք կանխատեսո՞ւմ էին, որ նման զարգացումներ կլինեն, և արդյոք ունե՞ն նախապես մշակված ռազմավարություն նման դեպքերի համար:

Ի պատասխան՝ Վ. Հակոբյանն ասաց, որ, անշուշտ, իրենք ունեին նման կանխատեսումներ. «Ինչպես ասաց պարոն Ենիգոմշյանը, ձերբակալվեցին անհատներ, և ոչ թե շարժումը, մեր շարժումը շատ բազմաշերտ է և ունի կոնկրետ նպատակ և միջոցներ դրան հասնելու համար: Մենք ամեն օր և ավելի վատ բաների էինք սպասում, մենք գիտենք, որ մենք հաստատ ժողովրդավար երկրում չենք ապրում, և դրա համար էլ կանխատեսելի էր ամեն մի քայլ, և դրանց դեմ մենք ունենք հակաքայլեր: Միամիտ կլիներ, եթե մենք տարիներ շարունակ պլանավորելով՝ գայինք-հասնեինք այդ օրվան, և չունենայինք այդ հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ կլինի, եթե մեզ ձերբակալեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս