«Քաղաքական հետապնդումներ են իրականացվում Հիմնադիր Խորհրդարանի անդամների նկատմամբ». ՀՔԱՎ
2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:30-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում են այսպես կոչված «Գերևարում» (“Capture”, «Захват») օպերացիան, որի շրջանակում կատարվում են խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարանի անդամների տներում, նրանց բերման ենթարկումներ և ձերբակալություններ:
Խուզարկությունների, բերման ենթարկումների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես փաստաբան ունենալու իրավունքը: Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ:
Մասնավորապես Հիմնադիր Խորհրդարանի Վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Հովհ. Ղազարյանի բնակարանի խուզարկումը իրականացնելու նպատակով ներկայացել էին 15-20 ոստիկանության աշխատակիցներ: Ներկայումս շարունակվում են «անհետաձգելի քննչական գործողությունները և օպերատիվ հետախուզական միջոցառումները»: ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի հատկանիշներով:
Մինչ այժմ իբրև թե “զանգվածային անկարգությունների նախապատրաստման և իրականացման համար” որպես նախատեսված միջոցներ և գործիքներ առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, Հիմնադիր Խորհրդարանի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր: ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները գնահատում ենք ապօրինություններ՝ ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որը նպատակ ունի ճնշել և սահմանափակել նրանց կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքներ անկացնելու սահմանադրական իրավունքը:
Առևերույթ նման ակնհայտ ապօրինի գործողության հրահանգ կարող է տրվել միայն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները գնահատում է հակասահմանադրական, անբարոյական և համարում է քաղաքական հետապնդում, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ քաղաքական իշխանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ